կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 14:25
Իրավական

Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու համար

Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու համար

2018թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:55-ին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ N զորամասից հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 21:00-ի սահմաններում, զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված  մարտական դիրքում հակառակորդի հետ  տեղի ունեցած փոխհրաձգության  հետևանքով որպես դիտորդ ծառայության նշանակված ոստիկանության զորքերի N զորամասի դասակի հրաձիգ-դիպուկահարը ձախ ուսի շրջանում ստացել է  հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, և ձեռնարկվել նախաքննություն:

Քրեական գործով Ոստիկանության զորքերի ծառայողը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել, որ 02.09.2018թ., ըստ գրաֆիկի՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 21:00-ն առաջնագծում որպես դիտորդ ծառայություն իրականացնելիս, ժամը 20:30-ի սահմաններում, հակառակորդի զինծառայողը ներթափանցել է առաջնագծի խրամատ, և վերջինիս հետ փոխհրաձգության ժամանակ զգացել է, որ ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել:

Մարտական հերթապահության ժամանակ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, ոստիկանության պետի հրամանի համաձայն, ոստիկանության պետի կողմից Ոստիկանության զորքերի ծառայողը պարգևատրվել է «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական  գործողությունների արդյունքում  բացահայտվել է,  որ ծառայողը ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածքը հասցրել է ինքն իրեն, իրեն կցված դիպուկահար հրացանով՝ կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն:

Այնուհետև, հանցագործության դեպքի մասին գիտակցաբար տրամադրելով կեղծ տեղեկատվություն՝ ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, ինչից հետո մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով իրեն կցված դիպուկահար հրացանից 12 կրակոց է արձակել հակառակորդի  ուղղությամբ՝ վատնելով իրեն տրամադրված  ռազմամթերք հանդիսացող թվով 12 փամփուշտ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 371-րդ հոդվածի  2-րդ  մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: