Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի ունեցավ լեգենդար «ДДТ» ռոք խմբի մենահամերգը` «Сольник» («Մեներգիչ») ծրագրով: Խմբի մեներգիչ Յուրի Շեւչուկը համերգին նախորդած մամլո ասուլիսին խոստացել էր, որ համերգը լինելու է երկխոսություն հանդիսատեսի հետ, եւ այդպես էլ եղավ: Հնչեցին խմբի ամենասիրված երգերը` «Родина», «Осень», «Дождь», «Это все», «Просвистела», «Свобода»…
«Сольник» ծրագիրը ոչ միայն երգերի ընտրանի է, այլեւ տեքստի եւ երաժշտություն կենդանի համատեղում, որը սյուժեի հետ դրամատիկ գործողությունների տպավորություն է ստեղծում՝ լցված հենց բեմում համերգի ընթացքում խմբի ստեղծած կերպարներով:
Շեւչուկը խոստացել էր նաեւ, որ հայ հանդիսատեսի համար երգելու է այնքան, որքան նրանք պահանջեն, եւ որքան իրենք ուժ ունենան. համերգային հիմնական ծրագրից բացի, խումբը, որպես բիս, 6-7 ստեղծագործություն կատարեց: Շեւչուկը երգում էր, ասմունքում, պարում, զրուցում հանդիսատեսի հետ եւ անգամ հարցնում, թե ո՞ր երգն են ուզում, որ հնչի:
«Պահպանեք հայրենիքը, պահպանեք Թեղուտը»,- նաեւ հայտարարեց Շեւչուկը:
Իսկ համերգի ավարտին նա հարցրեց հանդիսատեսին` չե՞ն ափսոսում տոմսերի վրա վատնած գումարի համար, ի պատասխան` հանդիսատեսը բացականչեց` ո՛չ: «Կրկին ու կրկին հրավիրեք մեզ Հայաստան. մենք պատրաստ ենք»,- խոսքը եզրափակեց Շեւչուկը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` Լիլիան ԳԱԼՍՏՅԱՆԻ