կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 15:21
Հասարակություն

Բախտներս չբերեց` ողջ մնացինք, եկանք-հասանք այս վիճակին. ազատամարտիկներ

Բախտներս չբերեց` ողջ մնացինք, եկանք-հասանք այս վիճակին. ազատամարտիկներ

Մինչ օրս ազատամարտիկների բարձրացրած հարցերին կոնկրետ պատասխան չի տրվել. ասել են, թե ցանկանում են օգնել, բայց հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած ազատամարտիկները ոչ մի խնդրի լուծում չեն տեսել: Այդ պատճառով նրանք կրկին նստացույց են անում Ազատության հրապարակում, որ հիշեցնեն` իրենք դեռ ապրում են, իրենց պահանջների տերն են, պահանջելու եւ պայքարելու են` մինչեւ հասնեն իրենց նպատակներին:

 

Նստացույցի ելած ազատամարտիկները yerkir.am –ին ներկայացրեցին իրենց հիմնական պահանջները, իրենց պատկերացումները խնդիրների լուծման ուղղությամբ:

 

«Մեր հիմնական պահանջները ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների, թոշակի անցած սպաների ու ենթասպաների սոցիալական խնդիրների լուծումն է: Պահանջում ենք կոմունալ ծախսերի մասով 50 տոկոս զեղչ. մարդիկ վճարել չեն կարողանում Բժշկական օգնություններն են` վիրահատություններ կան, որ մարդիկ ի վիճակի չեն, հնարավորություն չունեն վճարել` 1-2 միլիոն դրամ արժեն, իսկ ազատամարտիկներն այդ գումարները չունեն: Պահանջում ենք, որ մարդկանց կյանքին սպառնացող հիվանդությունների համար անհրաժեշտ վիրահատությունները լինեն անվճար, իսկ մնացած դեպքերում լինի 50 տոկոս զեղչ: Դրանք են մեր հիմնական հարցերը»,- ասաց ազատամարտիկների բողոքի ակցիաները նախաձեռնող` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

 

Նա տեղեկացրեց, որ նստացույցը մտադիր են շարունակել մինչեւ հինգշաբթի` հունիսի 7-ը, եւ եթե այս ընթացքում էլ որեւէ արձագանք չլինի, կգնան, մի քիչ էլ կհանգստանան, հետո դարձյալ կգան հրապարակ, որ տեսնեն, թե ինչպես են շարունակելու իրենց հետագա քայլերը: Նա հավաստիացրեց, որ հետեւողական են լինելու` մինչեւ իրենց նպատակին հասնելը: Իրենց իրավունքների համար պայքարը շարունակելու առումով էլ ազատամարտիկը նշեց. «Շուտով 50 տարեկան եմ դառնում, մի 50 տարի էլ կպայքարեմ, հետո չգիտեմ, թե ինչ կլինի»:

 

 

 

«Մենք հույսն ունեինք, որ եթե ողջ մնանք, ապա, իհարկե, լավ կլինի. եթե ոչ մեզ համար, ապա գոնե ապրողների համար»,- ասաց Հատուկ գնդի ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը: Նա yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ուզում են ապրել այն երկրում, որի համար իրենց կյանքը չեն խնայել, ցանկանում են արժանապատիվ, մարդավայել կյանքով ապրել:

 

«Բախտներս չբերեց` ողջ մնացինք»,- կողքից ասում է մեկ այլ ազատամարտիկ` Աշոտ Նալչաջյանը: Իսկ Սամվել Մկրտչյանն իր խոսքն է շարունակում ու նշում, թե երեւի թշնամին ու ճակատագիրն իրենց համար գնդակ չէին նախատեսել, ու իրենք ստիպված եղան գալ-հասնել այս վիճակին. «Լռեցինք-լռեցինք` հույսով, որ լավ կլինի, բայց դե էլ ինչ «լավ կլինի»»

 

Yerkir.am-ի հարցին, թե մինչեւ երբ են պատրաստ շարունակել իրենց իրավունքների համար պայքարը, ժպիտով ասացին.  «Պատրաստ ենք պայքարել մինչեւ մեզ կխփեն` ինչ ա եղել որ»: Բայց ցավ կա այդ ժպիտի մեջ. պատերազմի կրակների միջով անցնելով, ողջ մնալով` նրանք այսօր ստիպված են նստացույցով «նվաճել» իրենց իրավունքները: Ազատամարտիկներն այսօր ոչ թե խնդրում, այլ պահանջում են, որ պետությունն իրենց համար աշխատատեղեր ստեղծի: Պահանջում են, որ պատկան մարմինները կեղծ ազատամարտիկներից մաքրեն իրենց շարքերը, որովհետեւ, համոզված են` այսօրվա «ազատամարտիկ» անվանումը կրողների 30-40 տոկոսը կեղծ ազատամարտիկ են, եւ հենց դրա համար այսօր պետությունն ի վիճակի չէ իսկական ազատամարտիկներին ինչ-որ սոցիալական աջակցություն ցուցաբերել` «ազատամարտիների» բազմահազարանոց բանակ է ձեւավորվել` ազատամարտից հետո…

 

Ազատամարտիկները նաեւ որոշ պատկերացումներ ունեն, թե ինչ միջոցներով կարելի է իրենց հարցերին լուծում տալ: Օրինակ` առանձին օրենքի ընդունում են պահանջում, որպեսզի այդ օրենքի շրջանակներում լուծվեն իրենց հարցերը: