կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-05 11:20
Քաղաքական

Ջոն Քերին ցանկություն է հայտնել այս տարի Հայաստան այցելել

Ջոն Քերին ցանկություն է հայտնել այս տարի Հայաստան այցելել

 

Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:



Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պետքարտուղար Քերին նշեց, որ լինելով Մասաչուսեթս նահանգից, որտեղ առկա է մեծ հայկական համայնք, լավ ծանոթ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքերով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում։ Հայաստանն իր նպաստն է բերում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերին, կարևոր դեր է կատարում Կոսովոյում խաղաղության ապահովման գործում։



«Մենք կարևորում ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը և բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը»,- ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ես ուրախ եմ գտնվել Վաշինգտոնում և հանդիպել Ձեզ՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերությունն ամրապնդելու ուղիները:



Մեր երկու երկրները սերտ փոխգործակցություն են հաստատել միջազգային բեմահարթակում, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը, և, ինչպես Դուք նշեցիք, պարոն պետքարտուղար, խաղաղապահ գործողություններին մասնակցությունը՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան, ինչպես նաև այլ գլոբալ մարտահրավերներին վերաբերող հարցերում:



Հայաստանը և Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության:

 

Մենք միակարծիք ենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

Մենք կիսում ենք ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության տեսլականը։


Անցած քսան տարիների ընթացքում՝ մեր անկախությունից ի վեր, Միացյալ Նահանգները կարևոր աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և մենք շնորհակալ ենք դրա համար:

Ես ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի արտահայտեմ մեր երախտագիտությունը նախագահ Օբամայի վարչակազմին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Մեր հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր բարձունքների հասցնել փոխգործակցությունը: Մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը և փոխըմբռնումը այն ընդլայնելու ամենալավ երաշխիքն է»։



Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձան երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:

Ջոն Քերին վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը` շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:



Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Պետքարտուղար Քերին ընդգծեց, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար:



Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը՝ Ջոն Քերիին տեղեկացրեց, որ ցանկություն ունի այն իրականացնել այս տարվա ընթացքում։