կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 22:48
Առանց Կատեգորիա

Մեծ տեխզննություն` ՀՀԿ-ում

Մեծ տեխզննություն` ՀՀԿ-ում

Աղվան Հովսեփյանին մածուն է հասնում և աշխատավարձի բարձրացում: Եվ ինչու միայն նրան: Իսկ Վլադիմիր Գասպարյանի՞ն: Հերթը շուտով Գորիկ Հակոբյանին էլ կհասնի: Ձկները քանի խոշորանան, այս մարդիկ գիշեր ու զօր պիտի աշխատեն, որ հասցնեն: Ռեակցիան շղթայական է: Ու այնպես էլ չի, որ Գալուստ Սահակյանը կարողանա փեշերը փռել բոլորի վրա: Մեկիկ-մեկիկ գալու, ընկնելու են ուռկանը:

 

Էն երբ էր` ՀՀԿ-ական երևելիներին հստակ ասվեց՝ նախագահը չլինի՝ ձեզ դալանում կտփեն: Պարզվում է, որոշ ՀՀԿ-ականներ, օրինակ` Լիսկայի տեսքով, լուրջ չեն ընդունել այդ ճշմարտությունը: Եվ խնդրեմ` գյոզալ մարզպետն այսօր սյունեցիների ու մեզ համար այլևս քաղաքացի Լիսկա է: Բայց սա դեռ ամենագլխավորը չէ: Բոլոր հիմքերը կան` մտածելու, որ, նայած ինչ կորոշի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հասարակ մահկանացու կարող են դառնալ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և, մի հատ խաչ հանեք, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Քաղաքացի Կճոյան կամ քաղաքացի արքեպիսկոպոս... Պատկերացնո՞ւմ եք:

 

Ի դեպ, սույն հոգևորականի մասով մի շատ կարևոր փոխանցում ունենք քաղաքացի, կներեք, պարոն Աշոտյանին, որ նա իմանա, թե իրականում ինչ դափնիների միայն կարող է հավակնել: Ժամանակին Դաշնակցությունը մեծ դերակատարություն ուներ եկեղեցու կյանքում և մեր որոշ կաթողիկոսներ ու բարձրստիճան հոգևորականներ ուղղակի Դաշնակցության քաղաքական գիծն էին տանում եկեղեցում: Եվ ահա 1918 թվականին Գևորգ Սուրենյանց կաթողիկոսը չհեռացավ Էջմիածնից ու Բյուրական չբարձրացավ: Հարցն այն չէ, որ Սուրենյանցը «Բենթլի» չուներ: Նա կարող էր ջորիով էլ գնալ: Բայց չգնաց, Աստծուն դեմ բան համարեց իր հոտը թողնել ներքևում, թուրքի բերան և պատսպարվել: ՀՀԿ-ի միջոցառումներին այցելող սրբազանն ի՞նչ է անում, պարո'ն Աշոտյան, երբ իր սովալլուկ թեմը լքում է երկիրը: Խնդրեմ, լիուլի վայելեք Կճոյանի դափնիները, քանզի այլ դափնիների, ձեր իսկ հավաստմամբ, չեք հավակնում:

 

Ճիշտն ասած՝ չէինք սպասում, որ Սերժ Սարգսյանին այդքան դուր կգար դալանների գաղափարը: Ի դեպ, ուրիշ գաղափարներ էլ կան, շատ ավելի քաղաքակիրթ, որոնցում հաշվի են առնված առանձին ՀՀԿ-ականների տարիքային ցենզը, մասնագիտությունը, նախասիրությունները և այլն: Կան բիրիքով և մանրածախ ձևով նրանցից ազատվելու բազմաթիվ այլ ձևեր ու մեթոդներ, որոնց կիրառման դեպքում առնվազն մարդկային կորուստներ չեն լինի:


Էդիկ Անդրեասյան