Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարց ու պատասխանի ձևով ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար աջակցության ծրագրի մանրամասները․
ՀԱՐՑ։ Ի՞նչ պայմաններով և ի՞նչ ժամկետով է նախատեսվում իրականացնել 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Կառավարությունը 9 ամիս ևս կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարելով ամսական 40+10 հազար դրամ: Եթե մինչ այդ Դուք արդեն իսկ օգտվում էիք աջակցության այս ծրագրից, ապա 2024 թվականի ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ կշարունակեք ստանալ ամսական աջակցությունը․ ընդ որում, 40+10 հազարական դրամ աջակցություն կստանան նաև Ձեր ընտանիքում նոր ծնվող երեխաները։
Ծրագիրը կիրականացվի մինչև տարեվերջ, որից հետո, կվերանայվեն ծրագրի պայմանները՝ սահմանելով իրավիճակից բխող առաջնահերթություններ։ 40+10 հազար դրամ ծրագիրն այս պահին նույն ձևաչափով շարունակելը նպատակ ունի օգնել ընտանիքներին հոգալու իրենց կեցության ծախսերը՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն, որ վերջիններս ձեռք բերեն աշխատանք և ունենան կայուն հեռանկար Հայաստանում։
ՀԱՐՑ։ Նոր փոփոխությամբ ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը, ովքե՞ր այսուհետ կկարողանան օգտվել ծրագրից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Պահպանելով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները՝ միաժամանակ ընդլայնվել է շահառուների շրջանակը, մասնավորապես՝ եթե մինչ այժմ ծրագրից կարող էին օգտվել միայն 2023 թ․-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, ապա ապրիլ ամսվանից սկսած ծրագրից կարող են օգտվել նաև 2020 թ․-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների այն անդամները, որոնք չեն հանդիսանում Կառավարության 2022 թ․ որոշմամբ ՀՀ-ում իրականացվող բնակարանային ծրագրի շահառու։
Նոր փոփոխություններով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը (խնամակալը/հոգաբարձուն) հանդիսանում են միջոցառման շահառու։
ՀԱՐՑ։ Արդյոք փոփոխություններից հետո կա՞ անհրաժեշտություն նոր դիմում ներկայացնելու։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այն հայրենակիցները, ովքեր մինչ այժմ օգտվում էին 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չունեն։ Համակարգն ամեն ամիս կստուգի նրանց տվյալնների համապատասխանելիությունը ծրագրի պայմաններին, և տվյալները կուղարկվեն վճարման։
Նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն կլինի ծրագրում ընդգրկված շահառուների նոր խմբի դեպքում։ Նրանց դիմումներն առցանց եղանակով կընդունվեն ապրիլի 15-ից հետո։
ՀԱՐՑ։ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի համար որպես նախապայման դիտարկվում է 100 հազար դրամ աջակցությունը ստացած լինելու հանգամանքը․ նրանք, ովքեր առայժմ չեն ստացել այդ աջակցությունը, արդյոք կարողանալու են օգտվել այս ծրագրից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, եթե Դուք առայժմ չեք ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը և Ձեր դիմումը շուրջ 350 դիմումների շարքում քննվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, ապա Ձեր դիմումի քննության ավարտից հետո Դուք կստանաք ինչպես միանվագ 100 հազար դրամ աջակցությունը, այնպես էլ 50 հազար դրամ աջակցությունը՝ նախատեսված առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Դուք կկարողանաք օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով վճարվող 40+10 հազար դրամ ծրագրից՝ սկսած հոկտեմբեր ամսից, բնականաբար, եթե համապատասխանեք այս ծրագրով նախատեսված մյուս պայմաններին ևս»։