կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-21 18:20
Մշակույթ

″ԱրտՖեստ″. այստեղ է ծնվում վաղվա թատրոնը, կինոն ներկայացնողը

″ԱրտՖեստ″. այստեղ է ծնվում վաղվա թատրոնը, կինոն ներկայացնողը

«ԱրտՖեստ» առաջին հանրապետական փառատոնն ամփոփել է արդյունքները:

 

yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Ռաֆայել Քոթանջյանը նշեց, որ չէր սպասում, որ առաջին իսկ փառատոնի ժամանակ հրաշքներ պետք է լինեին, քանի որ յուրաքանչյուր փառատոն տարիների ընթացքում հղկվում է:

 

«Կարեւորը կա փաստը, որ մենք գոնե փորձեցինք ստեղծել մի փառատոն, որը հնարավորություն է տալիս ինքնաարտահայտվելու նրանց, ովքեր մինչ այս զրկված էին դրանից: Ինձ հետաքրքրում էր` մարզերից եկած մարդիկ կլինե՞ն, արդյոք, այն հայտնությունները, որոնք հետո պետք է դառնան հայ ժողովրդի հարստությունը: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը դեռ շատ հանճարներ է ծնելու»,-ասաց Քոթանջյանը:

 

Մասնագիտական հանձնախմբի մեկ այլ անդամ` Արմեն Մազմանյանը, ասաց, որ ինքը վստահ է` ճիշտ արեցին, որ նման փառատոն անցկացրին, քանի որ այս դաշտը չուներ այն հարթակը, որտեղ երիտասարդ ստեղծագործողներն իրար կճանաչեին, կնայեին, կմրցեին ու շուկային կներկայանային:

 

«Առհասարակ, փառատոները լավն են, թե`վատը, կարեւոր չէ, բայց դրանցում երիտասարդներին հատկացված է լինում մի փոքրիկ մաս` «Լավագույն դեբյուտ» ասվածը, որը կարող է անել 35 տարեկան մարդն էլ: Սա պահանջարկված անհրաժեշտություն է»,- ասաց Մազմանյանը` հավելելով, նման փառատոների ժամանակ էլ ծնվում են վաղվա թատրոնը, կինոն ներկայացնողները: