Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 15-16-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնած` «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ զարմանալի չէ, որ այս ծրագրի նախաձեռնողը հենց Երիտասարդական նվագախումբն է:
«Ասում են, թե սովորաբար երիտասարդները շատ սխալներ են անում, բայց դա մեր Երիտասարդականին, կարծես, չի վերաբերում: «Hollywood Non-Stop»-ը կրեատիվ եւ հետաքրքիր ծրագիր է»,- ասաց Պողոսյանը:
Երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն էլ նշեց, որ այս նախագիծը ցույց է տալիս` սխալ է այն կարծիքը, թե իբր երիտասարդները դասական երաժշտություն չեն լսում:
Yerkir.am-ի հարցին, թե չե՞ն պատրաստվում նման համերգներ ունենալ նաեւ Արցախում, Սմբատյանը պատասխանեց, որ, այո, այս տարի անպայման համերգ կունենան Արցախում. «Անցած տարի մենք բացօթյա համերգ ունեցանք Արցախում եւ բուռն ու ջերմ արձագանքի արժանացանք, եւ այս տարի նույնպես կունենանք համերգ»:
Ըստ Սմբատյանի` նախագիծը երիտասարդության եւ երաժշտության սինթեզն է:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ «Hollywood Non-Stop»-ը բավական հետաքրքիր նախագիծ է: «Ես ներկա եմ եղել նախագծի համերգներին Վանաձորում եւ Երեւանում, ու հանդիսատեսի արձագանքից կարող եմ ասել, որ, այո, նման ծրագիր անհրաժեշտ էր երիտասարդներին: Նախագիծը ներկայացնում է լավագույն երաժշտությունը»,- ասաց դեսպանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կարծիքով` նախագիծը, ճիշտ է, հայկական երաժշտություն չի ներկայացնում, բայց նախագծի շնորհիվ մենք հնարավորություն ենք ունենում արտասահմանյան փորձը կիրառել եւ սովորել նրանցից ինչ-որ բան. «Մենք իրենցից են սովորում, իրենք` մեզնից: Սա հիանալի գաղափար է»:
Համերգին կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» եւ այլ կինոնկարների սաունդթրեքներ: 2013թ. նախագիծը ներկայացվել է նաեւ հանրապետության մարզերում` Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում եւ Արտաշատում: