Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցները հասկանում էին, որ իրենք մահապարտ են եւ կարող են այնտեղ զոհվել` հաշվի առնելով բերդաքաղաքի դիրքը եւ այնտեղ գտնվող ադրբեջանական ուժերի ու սպառազինությունների քանակը.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներ` Հատուկ նշանակության, իսկ այնուհետեւ «Հայրենասիրական ջոկատի» մարտիկներից Տիգրան Խանումյանը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատի պատասխանատու Իգոր Սարգսյանն ու ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը:
Բանախոսները հիշեցին ազատագրման համար մղված մարտերից մանրամասներ, պատմեցին, թե ինչպես է ազատագրվել Շուշին: Տիգրան Խանումյանը, ում ստորաբաժանումը Շուշի էր մտել ամենադժվար տեղերից մեկով` բերդի պարիսպների մոտից, մանրամասն պատմեց, թե ինչպես է իրենց ջոկատը մոտեցել պարիսպներին, ինչպես եւ ժամը քանիսին իրենք մտան բերդաքաղաք ու այլ մանրամասներ:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատին Շուշիի ազատագրման օպերացիայի ժամանակ հանձնարարված է եղել թույլ չտալ Լաչինից Շուշի ադրբեջանցիներին օգնական ուժերի տեղ հասնելը, ինչպես պատմեց Իգոր Սարգսյանը, եւ հակառակը` թույլ տալ, որ Շուշիում գտնվող ադրբեջանցիներն անարգել լքեն քաղաքը` հնարավորինս առանց դիմադրության, որպեսզի ուսանողական ջոկատը մարտի չբռնվեր նահանջող թշնամու հետ ու ավելորդ զոհեր չտար:
«Մենք գիտակցում էին`, մինչեւ մարտական գործողությունն էլ բոլորիս մեջ մի հստակ գիտակցում կար` եթե կարողանանք Շուշին ազատագրել, դա կլինի մեր պապերի, մեր ազգի հարյուրամյակների երազանքը: Վերջապես մենք կկարողանանք ազատագրել հայկական քաղաքը: Ու այդ հպարտությունն ու պատասխանատվությունը, որ հենց մեզ է վիճակված այդ գործը, մեզ ուժ, քաջություն ու կորով էր տալիս: Որեւիցե մեկը չէր էլ մտահոգվում զոհվելու մասին»,- պատմեց Իգոր Սարգսյանը:
Հայ ազատամարտիկը այլ հոգեբանությամբ էր գնում Շուշին ազատագրելու, որովհետեւ Շուշին սովորական կրակակետ չէր, Շուշիի ազատագրման օպերացիան էլ սովորական կրակակետի ոչնչացում չէր` դա հայոց հնագույն քաղաքներից մեկի ազատագրումն էր. նշեց Արթուր Եղիազարյանը:
Նա, որպես պահեստազորի սպա, ռազմական գործից հասկացող, հավելեց նաեւ, որ ֆենոմենալ էր Շուշիի ազատագրումը` հայ կամավորության, ռազմական մտքի գագաթնակետն էր: Նա նշեց, որ սովորաբար ռազմարվեստի մեջ ընդունված է, որ պաշտպանվողը հարձակվողից ավելի հզոր է լինում ու ռազմական օպերացիաները կազմակերպվում են 1/3 հարաբերակցությամբ.
«Եթե դիմացդ պաշտպանության մեջ մեկ գունդ է, ապա երեք գունդ է հարձակման անցնում: Այս առումով` կարելի է ասել` հակառակ վիճակն էր: Այսինքն` ավելի փոքրաթիվ ուժեր հարձակվում էին պաշտպանության մեջ գտնվող ավելի մեծաթիվ ուժերի վրա եւ այնպիսի տեղանքում, ինչպիսին Շուշին էր` նրա անառիկությունը շատերն են տեսել, որ շատ քիչ ուժերով ու զինամթերքով կարելի է պաշտպանություն կազմակերպել»,- պարզաբանեց Արթուր Եղիազարյանը:
Նա հավելեց, որ Շուշիի ազատագրման օպերացիայի հաջողության համար էական նշանակություն էր ունեցել Քարինտակ գյուղի ինքնապաշտպանությունը, որը բարոյալքել էր ադրբեջանցիներին ու ամրապնդել հայկական ուժերի հոգեբանական վիճակը: