Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում Երևանի փակ շուկայի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ: Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երևանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը:
«Դեռևս տարվա սկզբին, մտահոգված լինելով այս հարցով, Մարդու իրավունքների պաշտպանը, սեփական նախաձեռնությամբ, սկսեց փակ շուկային վերաբերող խնդրի ուսումնասիրությունը: Գրություններ ուղարկվեցին Երևանի քաղաքապետարան, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն` շինարարական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ինչպես Երևանի քաղաքապետարանից, այնպես էլ նախարարություններից ստացված պատասխան գրություններում նշվում էր, որ կատարվող վերգետնյա շինարարական աշխատանքներն ապօրինի են: Երևանի քաղաքապետարանից հայտնել էին նաև, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերության տնօրենը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության, իսկ շինարարական աշխատանքները դադարեցվել են:
Սակայն, մայիսի 7-ին Պարոնյան 4ա հասցեի բնակիչներից կրկին ահազանգ եղավ, որ փակ շուկայում շինարարությունը ավելի ակտիվանում է, կառուցվում է վերնահարկը:
Կոչ ենք անում պատկան մարմիններին ստուգել բնակիչների ահազանգը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ այս ապօրինությունը վերացնելու և մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: