կարևոր
871 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-11-11 10:57
Հասարակություն

Շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացումն է․ Խաչատրյանը՝ ամրանների ներմուծման մաքսատուրքը բարձրացնելու ՔՊ-ի նախագծի մասին

«Այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ տնտեսությունը, տնտեսական աճը հիմնաված է եղել շինարարության վրա։

«Մեզ սպառնում է  բավականին ծանր օրեր՝ նվազող տնտեսական աճով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Ըստ նրա, այն, ինչ ներկայացվում է այս նախագծով, շատ նման է ցեմենտային կլինկերի տուրքերի փոփոխությանը։

«Թե կլիները, թե ամրաններն օգտագործվում են շինարարության մեջ։ Տուրքերի բարձրացումը մեկ նպատակ ունի՝ փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին։ Եթե շուկան լիներ մեծ, բոլորի համար տեղ կլիներ, բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջ աճել, Հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի ետվերադարձի ժամկետը 2025 թվականով Երևանով... Երևանում արագ աճեց շինարարությունը, մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել։ Գոնե թվերը ցույց չեն տալիս,  որ ունենք շինարարական բում մարզերում»,- ասաց Արթուր  Խաչատյանը։

Նշենք, որ   «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հեղինակներն առաջարկում են  «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով: Նրանք պարզաբանել են, որ խոսքը վերաբերում է մետաղական ամրանների մասով ներմուծման համար սահմանված տուրքին: Այս պահին ներկրման տուրքը 29.000 դրամ է: Իրանա-իսրայելական հակամարտությունից հետո պայմանավորված իրանական արժույթի անկմամբ՝ իրանական շուկայում կտրուկ նվազել են ամրանների գները (մոտ 35 հազ. դրամով մեկ տոննայի համար): Այդ պատճառով անհավասար պայմաններ են ստեղծվել ներկրողների և  տեղում արտադրողների համար: