Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ մարզի Երանոս, Վարդաձոր, Լիճք և Զոլաքար համայնքներում: Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում քննարկվեցին դպրոցամերձ տարածքի՝ մոտ 150 մետր հատվածի պարսպապատման և դպրոցի ճաշարանի հիմնանորոգման խնդիրները:
Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դպրոցի տնտեսված միջոցներն ուղղել դրանցից ամենահրատապի լուծմանը: Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց դպրոցի շենքային անմխիթար վիճակը, խոստացավ խնդիրը ներառել մարզի անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցների ցանկում և ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը: Այնուհետև Իշխան Սաղաթելյանն այցելեց Վարդաձոր համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացավ շինարարության ընթացքին: Այստեղ աշխատանքները մեկնարկել են 2017 թվականից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 162 միլիոն դրամ: 75 սանի համար նախատեսված նորակառույցը շահագործման կհանձնվի առաջիկայում: Մարզպետը եղավ նաև Վարդաձորի մշակույթի տանը և համայնքի ԱԱՊԿ-ում, ծանոթացավ պայմաններին և իրականացվող աշխատանքներին: Իշխան Սաղաթելյանի հաջորդ կանգառը Լիճք համայնքում էր, որտեղ նա ծանոթացավ արդեն շահագործման պատրաստ մանկապարտեզի շենքային պայմաններին և հնարավորություններին:
116 միլիոն դրամ արժողությամբ շինարարության պատվիրատուն ևս Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որը տրամադրել է նաև մանկապարտեզի գույքի մի մասը: Մանկապարտեզը սպասարկելու է 70 սանի: Իշխան Սաղաթելյանը շրջեց Լիճքի՝ վերանորոգված մշակույթի տանը, եղավ համայնքի անմխիթար վիճակում գտնվող հիմնական դպրոցում, դիտարկեց առկա պայմանները և խոստացավ խնդիրը քննարկման ներկայացնել համապատասխան գերատեսչություններում:
Լիճք համայնքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ նաև այս տարվա ընթացքում սուբվենցիայով իրականացված երկու ծրագրերին՝ 11,2 միլիոն դրամի արժողությամբ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման և 24,9 միլիոն դրամ արժեք ունեցող ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին: Վարդաձոր և Լիճք համայնքներում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը համայնքների բնակիչների հետ զրուցեց բերքահավաքի ընթացքի և արդյունքների, հացահատիկի և գյուղատնտեսական այլ մթերքների իրացման մասին: «Ճիշտ է կարկուտն այս տարի մարզի մի քանի համայնքների որոշակի վնաս հասցրել է, սակայն բերքահավաքը կարողանում ենք մարզում պատշաճ կերպով կազմակերպել, այս առումով լուրջ խնդիրներ չունենք: Հիմա կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի գյուղատնտեսական մթերքների իրացման հետ կապված մի քանի գաղափարներ կյանքի կոչի: Ես կարծում եմ, որ գոնե հաջորդ տարվանից գյուղացին բերքի իրացման խնդիր չի ունենա, մենք էլ, մեր լիազորությունների շրջանակներում, ինչով կարող ենք կօժանդակենք ձեզ»,- բնակիչների հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց մարզպետը:
Այցելելով Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց մարզադահլիճի հատակի անմխիթար վիճակը, ինչի պատճառով անհնար է դարձել դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացումը: Տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համայնքապետարանի աջակցությամբ և դպրոցի տնտեսված միջոցների հաշվին շատ սեղմ ժամկետում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ: Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են 2016 թվականից՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 482 միլիոն դրամ:
«ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է դպրոց, որը բավականին խնդիրներ ունի: Դրանք առնչվում են նախագծային փաստաթղթերի և շինարարության ծավալների հետ: Քաղաքաշինական կոմիտեից համապատասխան մասնագետների հետ պետք է խնդիրները շատ արագ կարգավորենք, որպեսզի ուսումնական պրոցեսը չձախողվի և շինարարական աշխատանքները գոնե հաջորդ տարի ավարտին հասցնենք»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը խոսեց առաջիկա անելիքների մասին: «Մենք պլանավորել ենք առաջիկայում մարզի բոլոր համայնքներում դիտարկել իրականացվող շինարարական ծրագրերը և հատուկ ուշադրություն դարձնել սուբվենցիայով իրականացվող նախագծերին: Բավականին մեծ ծավալի շինարարություն է ընթանում մարզում, մի շարք ծրագրեր էլ այս պահին քննարկման փուլում են: Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ դրանց որոշ մասը ևս կհաստատվի ՀՀ կառավարության կողմից և քայլ առ քայլ լուծում կստանան համայնքներում կուտակված խնդիրները»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին