|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց արտահանման վերաբերյալ: Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին հանձնարարեց արտահանման խթանման ուղղությամբ ներկայացնել որոշման նախագիծ և ստեղծել աշխատանքային խումբ: Վարչապետը հանձնարարեց աշխատել իրանական շուկայի հետ և հայկական արտադրանքը Իրանի շուկա արտահանել դյուրացված կարգով:
«Ունենք հարևան մեծ շուկա, որն ունի մեծ պահանջարկ: Դրանում մենք չնչին տոկոս ենք զբաղեցնում: Էֆեկտիվ աշխատելու դեպքում կարող ենք այդ շուկայում տեղ զբաղեցնել: Հանձնարարում եմ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` քննարկել շահագրգիռ մարմինների հետ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկությունը»,- ասաց վարչապետը:
Նա հանձնարարեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` իրավաբանական անձանց լիցենզիա տրամադրելու հետ կապված, ներկայացնել օրենսդրական փաթեթ` նպատակով, որ իրավաբանական անձանց լիցենզիան տրամադրվի բացառապես էլեկտրոնային եղանակով, բացառությամբ պաշտպանության և միջուկային էներգետիկայի ոլորտին տրվող լիցենզիաները` հաշվի առնելով, որ դրանցում լինում են պետական գաղտնիք պարունակող տարրեր: