Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքացիներից ստացել ենք համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է՝ մեր անելիքները դեռ առջևում են. կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրությունների արդյունքները վկայում են, որ իրենք առնվազն որոշ բան հասցրել են անել:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին` նա նշեց, որ դրանցից առաջինը ներդրումների խրախուսումն է: «Պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, և այն առաջիկայում շարունակելու է աճել: Ես ուզում եմ Հայաստանի բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, և իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Հույս ունեմ՝ որևէ ազդակ չեմ ստանա որևէ պաշտոնյայի մասին, որ որևէ ներդրումային նախագծի առաջ խոչընդոտներ են հարուցվում: Իհարկե, մեր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից է՝ վերացնել ներդրումների և տնտեսական գործունեության հետ կապված բյուրոկրատական քաշքշուկների` օրենսդրությամբ նախատեսված ինստիտուտը, հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի դե յուրե արհեստական որևէ խոչընդոտ չլինի: Հետևաբար, առաջիկա անելիքները ներդրումների խթանումն է, և բոլոր պոտենցիալ ներդրողների համար շատ արագ պետք է ստեղծել բարենպաստ միջավայր ու պայմաններ, որպեսզի ներդրումային մտադրությունները դառնան ներդրումներ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը շարունակեց՝ երկրորդ կարևոր խնդիրը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է, և պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել:
«Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ, ինչպես նաև ՀՀ-ում ինժեներական և տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի, որոնք առաջիկա ամենակարևոր անելիքներից են: Հաջորդ առանցքային խնդիրը ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացումն է: Ես ասել եմ, որ առաջիկա 5 տարում պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակով ներդնել հավելյալ 2.5 մլրդ դոլար, և այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է լրջագույն աշխատանք տանենք: Դրանց մի մասը պետք է ուղղվի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրջագույն անելիքներ կան նաև կրթության ոլորտում: «Դա բարձրագույն կրթական համակարգը նոր որակի բերելն է, այն կոնկրետացնելը, նրա կապը տնտեսության կարիքների և իրականության հետ ուժեղացնելը»,- նշեց նա: