կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-28 13:06
Քաղաքական

Աշխատելու մեր տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելը. Աղվան Վարդանյան

Աշխատելու մեր տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելը. Աղվան Վարդանյան

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցություն քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով`իրենք Ընտրական օրենսգրքի շուրջ սկսել են աշխատել Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո, մի քանի քննարկում են ունեցել մասնագիտական խմբի հետ, մի քանի անգամ գրավոր առաջարկներ ներկայացրել:

«Արել ենք առանց աղմուկի, առանց պաթետիկ հայտարարությունների: Մեր նպատակն է եղել հնարավորության սահմանում նախնական տարբերակը բարեփոխել: Մաքսիմալիստական, այսինքն` անիրականանալի պահանջներ չենք դրել, աշխատել ենք փաստարկներով, հիմնավորումներով և որոշակի հաջողությունների հասել ենք: Մեր առաջարկությամբ ամրագրվել է ընդդիմության` խորհրդարանում առնվազն մեկ երրորդով ներկայացվածություն ունենալու հնարավորությունը, ինչը Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն առարկայական կդարձնի»,- ասաց Վարդանյանը:

«Առաջարկվում էր, որ եթե մի կուսակցություն առաջին փուլում 40 տոկոս է հավաքում, ապա իրավունք կունենա թույլ չտալ մյուսներին կոալիցա կազմել և միանգամից անցնել երկրորդ փուլ: Այսօր այդ դրույթը չկա: Գյումրիի և Վանաձորի համար նախատեսվում էր 6-8 տոկոսանոց պատնեշ, դարձրել ենք 5-7, առաջարկել ենք ընտրողի ինքնության ստուգումը, գրանցումը կազմակերպել անհատական, բիոմետրիկ տվյալների հիման վրա` անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով: Ոչ ամբողջական, գուցե, բայց ընդունվել է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ երկրորդ ընթերցման ժամանակ դարձյալ մի շարք առաջարկություններ կանեն:

Վարդանյանը նշեց նաև, որ իրենց ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել, բայց իրենք այդպիսի պատրանքներ չեն էլ ունեցել. բնական է` յուրաքանչյուր քաղաքական ուժ նաև իր շահերով է առաջնորդվելու:

«Ամեն դեպքում` կարծում եմ, որ աշխատելու մեր տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելը, մերժողական կեցվածք ընդունելը: Այդպիսիներն այսօր նոր Սահմանադրության պայմաններում են ապրում, վաղն էլ նոր ԸՕ-ով են մասնակցելու ընտրություններին: Մեկ բան ակնհայտ է` նոր Սահմանադրությունից բխող նոր ԸՕ-ն ընտրական համակարգի հանդեպ հանրության գրեթե գերակշիռ մասի գրեթե զրոյական վստահությունն էապես մեծացնելու հնարավորություն տալիս է»,- ասաց Վարդանյանը, ապա մեջբերեց հայտնի ճշմարտություն. «Լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենքով և լավ օրենքով էլ կարելի է անցկացնել խայտառակ ընտրություններ: Մեզ համար, այս առումով, հիմնարար հարցեր են մնում վարչական ռեսուրսի անսահմանափակ չարաշահումը և ընտրակաշառքը: Որևէ օրենք կոռուպցիան ու ընտրակաշառքը չեն բացառելու, այլ լուծում է պետք: Եվ ես այսօր` 2016 թվականի ապրիլի 28-ին, Դաշնակցության անունից առաջարկում եմ` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են ջենտլմենական համաձայնագիր, որ ո'չ իրենք, ո'չ իրենց տարածքային թենածուներն ընտրակաշառք չեն բաժանելու, նաև վերահսկման մեխանիզմներ են սահմանում: Սա, կարծում եմ, կլինի պատասխանատու, համարժեք դիրքորոշում երկրի մարտահրավերներին, կլինի երկրում արմատական փոփոխություններ կատարելու, նոր որակի իշխանություն ձևավորելու նախապայման»:

Վարդանյանն իր խոսքը եզրափակեց այսպես. «Անկախության սերնդի, այսօր մեր հայրենիքի սահմանը պաշտպանող, թիկունքն ապահովող սերնդի առաջ պարտք ունենք, որ նրանք ազատ ընտրությունների միջոցով կառուցեն ուժեղ, արդար, բարեկեցիկ Հայաստան»: