կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 12:44
Քաղաքական

Եթե որեւէ մեկը հրաժարվի հետընտրական դաշինքից` քաղաքական դիակ կդառնա

Եթե որեւէ մեկը հրաժարվի հետընտրական դաշինքից` քաղաքական դիակ կդառնա

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չցանկացավ կանխատեսել, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՅԴ-ն քանի տոկոս ձայն կարող է հավաքել` նշելով, որ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է:

 

Ռուստամյանը կարեւորում եւ հիմնական խնդիր է համարում այն, որ ոչ իշխանական ուժերը կարողանան վերահսկել ընտրությունները, գոնե տեղամասերում փորձել պահել ձայները, նաեւ արձանագրել ընտրատեղամասերից դուրս իշխանության կողմից կիրառվող հայտնի մեթոդները: Եթե հաջողվի լրջագույնս վերահսկել ընտրությունները, Ռուստամյանի հավաստիացմամբ, իշխանությունները չեն կարող ունենալ մեծամասնություն: Ընդդիմությունը չունի այն գործիքները, որ ունեն իշխանությունները, ուստի ընդդիմությանը մնում է քաղաքական ակտիվություն:

 

Նախընտրական դաշինքը թեեւ չստացվեց, բայց հիմա էլ հետընտրական դաշինքի մասին ոչ իշխանական ուժերը կցկտուր հայտարարություններ են անում, բայց այդպես էլ կոնկրետ հայտարարություն չի հնչում: Ռուստամյանը վստահ է, որ քաղաքապետին փոխել հնարավոր է միայն ոչ իշխանական ուժերի հետընտրական դաշինքի միջոցով: «Անհրաժեշտ է պահել ձայները: Ընտրողը պետք է իմանա, որ, ընդդիմությանը ձայն տալով, նպաստել է իշխանությունների փոփոխությանը: Եթե եւս մեկ անգամ հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի: ՀՅԴ-ն չի մտել այս պայքարի մեջ մեկ-երկու մանդատ ավելի կամ պակաս ունենալու համար, պայքարի մեջ մտել ենք լուրջ ակնկալիքներով` փոխել քաղաքապետին եւ Երեւանով փոխել Հայաստանը: Կարեւոր չէ, թե ընդդիմադիր դաշտում ով ինչքան ձայն կհավաքի, կարեւոր այն է, որ լինի հետընտրական դաշինք ոչ իշխանական ուժերի միջեւ»,- հայտարարեց նա:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հնարավո՞ր է հետընտրական դաշինքը ոչ իշխանական ուժերի միջեւ չկայանա քաղաքապետի անձի շուրջ համաձայնության չգալու պատճառով, Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն նախընտրական փուլում էլ էր պատրաստ իր ամբիցիաները զրոյացնել. առաջարկում էին, որ միասնական ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց դարձյալ հաջողություն չգրանցվեց: Դաշնակցական պատգամավորը վստահեցրեց, որ եթե  որեւէ ոչ իշխանական ուժ հրաժարվի հետընտարական դաշինքից, ակնհայտ կդառնա նրա վերջը` քաղաքական դիակ կդառնա: Նա նշեց, որ բոլոր ոչ իշխանական ուժերի հետ էլ ՀՅԴ-ն նորմալ հարաբերությունների մեջ է, ցեմենտող դերակատարություն է ստանձնել, կամուրջներն այրված չեն: