կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 14:48
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը քաղաքական դիակ է, ճիշտ է՝ մարտնչող դիակ․ Վազգեն Մանուկյան

Եռակողմ համաձայնագիրն ունի շատ բաց տեղեր՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մտավորականների և մշակույթի գործիչների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ այդպիսի համաձայնագրերի տակ, սովորաբար, լինում են գաղտնի հավելվածներ՝ տասնյա էջեր, որտեղ գրվում է՝ որը ինչպես է պետք անել։ Մինչդեռ այս համաձայնագրում ոչ մի բան չկա։

«Դա նշանակում է՝ բանակցությունների միջոցով կարելի է այս կամ այն կետը ուղղել մեր օգտին։ Բայց ո՞վ է այդ բանակցությունները վարելու․ այն մարդը, որը մեր երկիրը տարավ պարտությա՞ն։ Իրեն չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է․ ճիշտ է՝ մարտնչող դիակ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Քաղաքական գործիչը խոստովանում է, որ ինքն էլ դեռ մինչև վերջ չի հասկացել, թե ինչ է եղել իրականում, քանի որ հետևանքներն այնքան զարհուրելի են, որ դժվար է պատկերացնել։

«Այս խայտառակ և ամոթալի պարտությունը դառնություն է առաջացնում ինձ մոտ նաև այն պատճառով, որ ես գիտեմ, որ կարելի էր կանխել, այսպիսի բան կարող էր չլինել»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյանը դեռ մի կողմ է դնում այն, որ 2,5 տարի այս ամենը նախապատրաստվում էր, բայց վստահ է, որ ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ո՛չ թե հիմա, միգուցե ավելի ուշ․ «Բանակցությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրինք պատերազմ»։

Նա համոզված է, որ եթե մենք 2,5 տարի գոնե մի քիչ շարունակեինք զբաղվել բանակով, ապա մենք պարտություն չէինք ունենա։

«Եվ վերջում ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի, խայտառակ մի համաձայնագիր, որը մենք խախտել չենք կարող, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են»,-ասաց նա։

Համաձայնագիրն ինքը, ճիշտ է, մի դրական բան բերեց՝ դադարեցրեց մեր երիտասարդների կորուստը, որովհետև հազարներով գնում էին և սպանվում էին՝ նշեց նա։ Բայց ինքը մեկ-մեկ հարց է տալիս՝ այդ համաձայնագիրը համապատասխանո՞ւմ էր այն ռազմական վիճակին, որը կար․ և կարծում է, որ՝ ոչ։

«Ես չեմ հասկանում՝ եթե հայտարարված է, որ պատերազմը Ադրբեջանի և Արցախի միջև է, ինչո՞ւ այդ պայմանագրի մեջ պետք է հարցեր լինեն կապված Հայաստանի հետ՝ Մեղրիի ճանապարհի հետ․ ի՞նչ կապ ունի դա, եթե պաշտոնապես հայտարարված է, որ այդ պատերազմը Հայաստանի հետ չէ, այլ Արցախի և Ադրբեջանի պատերազմն է»,-նկատեց Վազգեն Մանուկյանը։

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդը ընդգծեց, որ պատերազմի օրերին ոչ միայն մենք էինք սպառվում, այլև Ադրբեջանն էլ էր սպառվում, Ադրբեջանն էլ էր ցանկանում կանգնեցնել գործողությունները, որովհետև ինքն էլ չէր կարող երկար շարունակել։

«Այդ պահը հասկանալով՝ եթե մենք նորմալ ղեկավար ունենայինք, շատ մեծ քաղաքական առևտուր կարող էր անել՝ բանակցությունների միջոցով կարող էր այդ փաստաթուղթը ուրիշ դարձնել։ Այնքան անգրագետ փաստաթուղթ է, որ նույնիսկ Քելբաջարից դուրս գալու համար 5 օր էր տրված․ բոլորը հասկանում են, որ շրջանից զորք հանելը տևում է ամիսներ»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյանը նկատեց, որ հիմա արդեն այդ համաձայնագրի հետևում կանգնած է ուժ․ մինչդեռ մեր ուժը չի երևում։

Մանրամասն՝ տեսանյութում․