կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 16:02
Քաղաքական

«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի վերաբերյալ 23 դիմումատուներից 11-ը դիմումները չեղարկելու հայտ են ներկայացրել

«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի վերաբերյալ 23 դիմումատուներից 11-ը դիմումները չեղարկելու հայտ են ներկայացրել

Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց այն պատգամավորների անունները, ովքեր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:

«Ծառուկյան» դաշինքի մի քանի ներկայացուցիչներ, սակայն, հերքեցին տեղեկությունը, թե իրենք պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել:

Այսօր արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկման դրվեցին ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) վերաբերյալ դիմումները: Նիստի մեկնարկին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նիստի օրակարգը, այնուհետև ասաց, որ «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումի չեղյալ հայտարարման հայտ է ներկայացրել: Նրա խոսքով՝ ներկայացված դիմումներից միայն մեկն է նոտարով հաստատված: Այդ հայտը ներկայացրել է Նապոլեոն Ազիզյանը:

Նշենք, որ Ազիզյանի փոխարեն նիստին ներկայացել էր նրա լիազոր ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը: Ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտ ներկայացրածներից նիստին ներկա չէր նաև Ալիկ Եղիկյանը, որին փոխարինում էր նրա լիազոր ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը: Նիստին ներկա էին Խաչիկ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Արթուր Մանուկյանը, Մանուկ Սուքիասյանը, Արտյոմ Ծառուկյանը: 

Բոլոր թեկնածուներն ու բացակա թեկնածուների ներկայացուցիչները հաստատեցին իրենց՝ ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտը: ԿԸՀ անդամները կեսժամանոց ընդմիջում հայտարարեցին և հեռացան` որոշում կայացնելու:

Ի դեպ, մինչ նիստի մեկնարկը, ԿԸՀ ներկայացած թեկնածուները խուսափում էին լրագրողների հարցերին պատասխանել, և ակնհայտ էր, որ բոլորն էլ շփոթված էին: