կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 18:51
Իրավական

Պատրաստվում եմ մտածել Շեկոյի ընտանիքի, քավորիս առողջության մասին

Պատրաստվում եմ մտածել Շեկոյի ընտանիքի, քավորիս առողջության մասին

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

 

- Պարո'ն Գրիգորյան, Գյումրիի` ապրիլի 23-ի  դեպքերից հետո մամուլում Ձեր անունը շատ շոշափվեց` որ Դուք կլաններից մեկն եք, որ կապ ունեք այս դեպքերի հետ...

- Սովորաբար, ընտրությունների նախաշեմին իմ մասին նյութեր հրապարակելիս մեկ-երկու լրատվամիջոց հստակ քաղաքական պատվերով իմ անվան հետ են կապում կրիմինալը, ինչ-որ կլան ներկայացնելը, զանազան սպանություններին իմ մասնակցությունը՝ փորձելով գյումրեցիներին տրամադրել իմ դեմ: Ես դրանց լուրջ չեմ վերաբերվել եւ հիմնականում չեմ պատասխանել: Ցավոք, այդպիսով ստեղծվել է տպավորություն, որ այդ ամենի պատասխանը չունեմ: Իհարկե, տվյալ լրատվամիջոցների այս մարտավարությունը մասամբ ծառայել է իմ օգտին. մեր քաղաքը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, այս հարձակումներին վերաբերվում են որպես պատվերի եւ իրենց քաղաքացիական պարտքն են համարում ինձ պաշտպանել այդ հարձակումներից՝ իրենց քվեարկությամբ: Ինձ համար ամենաանհասկանալին ապրիլի 23-ի դեպքերին հաջորդած օրերին նույն այդ լրատվամիջոցների` իմ հանդեպ դրսեւորած ագրեսիան էր: Նախընտրական շրջանում արվողը վճարովի PR շարքից էր, ուներ կոնկրետ նպատակ, պատվիրատուներ, եւ այդպիսով հասկանալի էր: Հիմա՞ ինչպես հասկանանք եւ որակենք այս ամենը, եթե տուժողն այս դեպքում մենք ենք եւ որեւէ գործողությամբ չենք պատասխանել բռնությանը: Այլ բան չի մնում, եթե ոչ ենթադրելը, որ այս լրատվամիջոցներին պատվիրել են ամեն գնով հավասարության նշաններ խցկել կողմերի միջեւ:


- Ստացվում է` Ձեր մասին բոլոր հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Այդ դեպքում ասեք, թե ո՞րն է ճիշտը:

- Ձեզ հայտնի թերթերից մեկը, որն ամենաակտիվն էր դեպքերին հաջորդած օրերին, ապրիլի 30-ի համարում, ընդունելով հանդերձ, որ սխալներ է թույլ տվել, չի ուզում հանդարտվել: Հավանաբար, խորհուրդ են տվել առաջնորդվել «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով: Հրապարակավ ընդունում է, որ իրավապահ մարմիններում հարազատներ չունեմ, որ 2000թ. «Ֆլամինգոյի» Խաչիկի հետ տեղի ունեցած վիճաբանությունների մեջ չեմ եղել: Ի դեպ, լավ են հիշատակել ԳԱԼԱ-ին իմ տված հարցազրույցը, բայց ժամանակն ու տեղն է, որ դեպքը ներկայացվի այնպես, ինչպես եղել է: Վիճաբանությանը մասնակցել են բացառապես հայրս եւ Խաչիկը: Վերջինս դանակով անսպասելի հարվածել է հորս կրծքավանդակին, ապա հասկանալով, որ իր ֆիզիկական ուժը չի բավականացնի շարունակվող կռվում, հանել է իր մոտ եղած ապօրինի ատրճանակը, որով էլ ինքը սպանվել է: Իրավապահ մարմինները դիակի զննության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են այդ զենքի պատյանը՝ լրացուցիչ, լիցքավորված փամփշտակալով, եւ եւս մեկ խանչալ: Հորս առաջադրվել է դիտավորյալ սպանության մեղադրանք՝ ինքնապաշտպանության անհրաժեշտ սահմանների գերազանցմամբ, եւ նրան դատապարտել են 6,5 տարվա ազատազրկման, որից 3 տարին կրճատվել է համաներմամբ, մնացածի 1/3-ը կրել է օրենքով նախատեսված կարգով: Հայրս նաեւ ամբողջությամբ հատուցել է այն մարդու հուղարկավորության եւ գերեզմանի ծախսերը, ով ամեն ինչ արել էր իրեն սպանելու համար, բայց չէր ստացվել: Իսկ իմ ներկայության, 10-15 հոգով լինելու, «Ֆլամինգոն» խլելու փորձի մասին լուրերը բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, շինծու են, եւ այս մասին, ի հավաստումն իմ ասածի, վկայում է սպանվածի եղբայրը՝ Հարություն Մուրադյանը: 2003թ. «Հաղթանակի» պուրակում սպանվեց հորեղբայրս՝ Սերոբ Գրիգորյանը: Դեպքն անսպասելի էր բոլորի համար, թե' մեզ, թե' հակառակ կողմի: Նույն օրը սպանված Ժիրոն ուներ առողջական լուրջ խնդիր, ըստ լուրերի` բժիշկները նրան 3-4 ամսվա կյանք էին կանխատեսել: Իմ գնահատմամբ` այս հանգամանքը էական դեր խաղաց Ժիրոյի այդ օրվա պահվածքում: Նրա մեքենայի մեջ տեղի ունեցած խաղաղ, հանգիստ զրույցի ընթացքում նա կրակել էր հորեղբորս վրա: Կրակոցից հետո հորեղբորս 2 ընկերները՝ Գոռը եւ Արտյոմը, հասել են օգնության: Արտյոմը նկատել է մեքենայի հետեւի նստարանի վրա դրված ինքնաձիգը: Ժիրոն սկսել է անկանոն կրակ արձակել տղաների ուղղությամբ, Գոռը ծանր վիրավորվել է, մյուսը վնասազերծել է Ժիրոյին՝ վերջինիս սպանելով տվյալ ինքնաձիգով: Տղաների վրայից հանվել է սպանության մեղադրանքը, եւ երկուսն էլ դատապարտվել են ապօրինի զենք կրելու համար: Այս դեպքերից տարիներ հետո Ժիրոյի բարեկամները մեկնել են արտերկիր, որտեղ էլ հայտնվել են փորձանքի մեջ: Սա ես չեմ ասում, սա ասում է Փայլակի մայրը, որը նաեւ հավաստում է, որ ես կապ չունեմ ԱՄՆ-ում կատարված սպանության հետ: Առաջին դեպքում փաստորեն չի հարգվել սպանվածի եղբոր՝ Հարություն Մուրադյանի, երկրորդ դեպքում՝ ԱՄՆ-ում սպանվածի մոր պնդումը: Դրա փոխարեն թերթն իր հրապարակումներում կրկնում է հազար անգամ ասվածն ու հերքվածը՝ հղում անելով այս ու այն կայքերին: «Բոշի կռուգի» դեպքերի հետ ոչ մի առնչություն չունի իմ հորեղբորորդին՝ Էդմոնը, եթե թերթն այլ տեղեկություններ ունի, պետք է դիմի իրավապահ մարմիններին: Այս գործով մեղադրյալները կալանավայրում են: Ի դեպ, Պետիկը դեպքից երկու օր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Անպատժելիությունը, ինչպես տեսնում եք, մեզ չի վերաբերում, եթե արել են՝ պատժվել են, չարածիս համարել էլ խնդրեմ հարգելի լրատվամիջոցին, որ ինձ թույլ տա չպատժվել: Խոստանում եմ հետայսու էլ, իրենց հորդորով ու աղոթքներով չափս ճանաչել, եթե, իհարկե, իրենք էլ հոգան իրենց չափի մասին:

 

Ես չգիտեմ ով է լկտի՝ ե՞ս, որ այսպիսի պատմության մեջ հայտնվելով, չեմ գիտեցել անելիքիս հերթականությունը, թե՞ իրենք, որ կրակի վրա յուղ են լցնում այսչափ առատ ու այսչափ ստահոդ լրատվությամբ: Ուրիշ ինչի՞, եթե ոչ բորենու հետ համեմատեմ իրենց պահվածքը, գայլ տեսած ոչխարի՞:

 

Ի դեպ, բացի «Հրապարակ» թերթից մյուս բոլոր լրատվամիջոցները դեպքին հաջորդած օրերին ըմբռնումով վերաբերվեցին իմ լռությանը. մարդն ուներ մեկ զոհ, մեկ վիրավոր, մեկ կալանավորված անչափահաս անձ, որը Գյումրիում առաջին եւ միակ սպորտի վարպետն է լողի գծով եւ հանրապետության չեմպիոնը: Ես չունեի շատ ու շատ հարցերի պատասխաններ: Այս թերթը իմ լռությունն ընդունեց որպես անձնական վիրավորանք եւ լուտանքների տարափ տեղաց իմ հասցեին:

 

- Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք կատարվածը:

- Ինձ ուղղակի չեն սիրում, հավանաբար` «Մարիոթում» ինչ- որ մեկից ստացած պատվերով: Ճիշտն ասած, անպատասխան սիրո պատմություն չէ, մանավանդ, որ ծանոթ էլ չենք: Մեկ ուրիշ հանգամանք էլ կա: Բազմիցս ասել եմ, որ մեր թիմը շատ մեծ է: Թիմակիցներիս մեջ կան գործարարներ, մանկավարժներ, բժիշկներ, մտավորականներ, արվեստագետներ, մարզիկներ, ուսանողներ, զիջողներ, համարձակներ, իրենց հանդեպ ոտնձգություններ չհանդուրժողներ: Նրանցից յուրաքանչյուրը հանգամանքների բերումով կարող է հայտնվել որեւէ քրեական պատմության մեջ: Եվ դա բերել-կապել ինձ հետ ու իմ բազմամարդ թիմի մասին խոսել որպես կլանի, առնվազն անընդունելի է: Իմ թիմը լուրջ, գործունյա, հզոր, ունակ մարդկանց բազմաշերտ թիմ է, որն ունի քաղաքական աշխատանքի արդեն 6-ամյա փորձառություն: Մեր թիմն իր գործունեությամբ շատերի նախանձն է շարժում, որն էլ այս ագրեսիվ հարձակումների շարժառիթն է:

 

- Ինչ ե՞ք պատրաստվում անել:

- Պատրաստվում եմ մտածել Շեկոյի ընտանիքի, քավորիս առողջության եւ ընտանիքի մասին, պատգամավորական եւ հանձնաժողովի նախագահի պարտականություններիս վերադառնալու եւ աշխատելու մասին: Հուսամ, որ լրատվության մասին խոսելու առիթ այլեւս չի լինի, մանավանդ, որ թշնամացած չեմ եւ լրագրողներին` ինչպես նախկինում, հիմա էլ վերաբերվում եմ հարգանքով:

 

Զրուցեց Ագնեսա Խամոյանը