կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-29 12:50
Քաղաքական

Մի փորձեք մոլորության մեջ գցել հանրությանը. Աղվան Վարդանյան

Մի փորձեք մոլորության մեջ գցել հանրությանը. Աղվան Վարդանյան

ԱԺ քառօրյայի մեկնարկին, արդեն ավանդույթ դարձրած, խոսք վերցրեց ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը եւ նշեց, որ օրեր առաջ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցն էր, բայց մինչ այս պահը հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են ԱԺ օրակարգում:

 

Պատգամավորը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե ինչ գործունեություն է ծավալելու, որպեսզի այդ խայտառակ արձանագրությունները դուրս գան ԱԺ օրակարգից: ԱԺ նախագահն էլ նշեց, որ սիրով եւս մեկ անգամ` հատուկ Փոստանջյանի համար կրկնում է, որ դա ԱԺ նախագահի լիազորություններից դուրս է:

 

«Պարո'ն Աբրահամյան, գուցե Ձեր լիազորություններից դուրս եք համարում, բայց Դուք ունեք բավականին լծակներ, որ այս արձանագրությունները դուրս գան ԱԺ օրակարգից: Կարող եք կազմակերպել ցույցեր, ակցիաներ, եթե չեք կարողանում այլ կերպ հանել արձանագրությունները»,- հայտարարեց Փոստանջյանը:

 

Ի պատասխան պատգամավորի, Հովիկ Աբրահամյանը կատակեց. «Տիկի'ն Փոստանջյան, ընդունակ չե՞ք մի լավ բան հորդորել ինձ»:

 

Նա նաեւ  հայտարարեց, որ համաձայն չէ, որ հայ-թուրքական արձանագրությունները խայտառակություն են, եւ վստահեցրեց, որ եթե դրանք վավերացվեին,  ՀՀ տնտեսությունը զարգացնելու մեծ հնարավորություն կլիներ:

 

ԱԺ նախագահին օգնության հասավ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւ հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները բացառիկ դրական նշանակություն ունեցան ՀՀ դիրքը միջազգային ասպարեզում հզորացնելու գործում, իսկ ՀՀ նախագահի աննախադեպ կոշտ հայտարարությունն էլ մեծ արձագանք ունեցավ:


Անդրադառնալով Աբրահամյանի այն հայտարարությանը, որ արձանագրությունների վավերացումը կնպաստեր երկրի տնտեսության զարգացմանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ դեռ այն ժամանակ ՀՅԴ խմբակցությունը հարց էր ուղղել կառավարությանը, թե արդյո՞ք կան հաշվարկներ, թե ինչպես կանդրադառնա արձանագրությունների վավերացումը տնտեսական վիճակի վրա: «Մինչեւ այսօր նման հաշվարկներ, փաստարկներ կառավարությունը չի բերել»,- հայտարարեց նա եւ հորդորեց ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վնասում են մեր պետականությանը:

 

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պարունակում էին նախապայմաններ, եւ հիմա, բարձր խոսելով, այդ նախապայմանները չեն վերանում: «ՍԴ-ի գնահատականները բոլորիս աչքի առաջ են: Մի փորձեք մոլորության մեջ գցել պատգամավորներին եւ հանրությանը»,- կոչ արեց նա: