կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 12:50
Հասարակություն

Վլադիմիր Պուտինը մեդալ է շնորհել Ավիկ Իսահակյանին

Վլադիմիր Պուտինը մեդալ է շնորհել Ավիկ Իսահակյանին

Գրականագետ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը վերջերս հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար ՌԴ նախագահի կողմից պարգեւատրվել է Պուշկինի անվան մեդալով: Երեկ Հայաստանում ՌԴ դեսպանությունը Ավիկ Իսահակյանի պատվին երեկույթն էր կազմակերպել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ Ավիկ Իսահակյանը մի ամբողջ գրականագիտական պատմություն է մեզ համար, երեւույթ, որն իր պապի կյանքը, գործը լուսաբանելու, քարոզելու, հրատարակելու ասպարեզում այնքան գործ է արել, որ թերեւս մի ամբողջ ինստիտուտ չէր կարող անել:

 

«Դա այնքան կարեւոր եւ օրինակելի է, որ եթե մեր դասականներից յուրաքանչյուրն ունենա տեր, ինչպիսին Ավիկն է, մենք որեւէ խնդիր չենք ունենա: Ավիկն ամեն տարի 2,3 հատոր է դնում ընթերցողի սեղանին, եւ մենք ամեն անգամ նորովի ենք ընկալում, սիրում եւ հատուցում մեր սերը մեր դասականի հանդեպ: Իսահակյանը բացառիկ երեւույթ է, եւ Ավիկը կարողանում է այդ երեւույթը պահել սերունդների հավաքական գիտակցության մեջ»,- ասաց Անանյանը:

 

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն էլ նշեց, որ հայ-ռուսական բարեկամությանը նպաստ բերել` կնշանակի շարունակել մեր նախնիների այն դարավոր ավանդույթը, երբ դարեր առաջ մենք կողմնորոշվեցինք դեպի Ռուսաստան:

 

«ՌԴ նախագահի պարգեւը` մեր սիրելի գրականագետի կատարած աշխատանքին, խոսում է հենց այդ բարեկամության գնահատանքի մասին: Մեր ճանապարհը ռուս ժողովրդի հետ հավերժական է, մենք քրիստոնյա ժողովուրդներ ենք, մշակույթներով շատ մոտ: Այն, ինչ ռուսական է, հարազատ է նաեւ մեզ: Օրինակ` ես, բացի դասականից, նաեւ շատ սիրում եմ ռուսական ֆոլկլորը, ժողովրդական երգը, որի մեջ տեսնում եմ ռուսական հարթավայրը»,- ասաց Պողոսյանը:

 

Իսկ Ավիկ Իսահակյանը նշեց, որ իր համար հեշտ է, երբ ինքն է խոսում իր մասին, այլ ոչ թե` լսում գովասանքի խոսքեր կամ քննադատություն: Իսահակյանը ներկաներին պատմեց նաեւ իր մանկության հուշերը եւ իր անցած ուղու մասին: