կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 15:14
Առանց Կատեգորիա

Նրանց էքսկլյուզիվ ժպիտը

Նրանց էքսկլյուզիվ ժպիտը

Կայքերից մեկը տպագրել է հանրապետության երեք նախագահների ու նրանց թոռնիկների լուսանկարները: Բոլորովին էքսկլյուզիվ ժպիտով: Ավելորդ չի համարել հիշեցնել, որ նրանք նույնպես պապիկ են եւ մանկանում են իրենց թոռնիկների հետ, նրանց թույլ տալիս ավելին, քան թույլ կտային իրենց երեխաներին: Նորմալ երկրում այդ լուսանկարները կողողեին դեղին մամուլը: Ընդ որում` լուսանկարիչը դրանք կվաճառեր, ոչ թե պարզապես կտրամադրեր այս կամ այն կայքին: Մեր տիպի երկրներում այդպիսի լուսանկարները լրատվական եւ չինովնիկական քաղքենիության պարզ համագործակցության արդյունք են:

 

Առաջին նախագահը, դեռ մի կերպ հասկանալի է, անձնական կարողություն չկուտակեց: Սակայն նախկին պաշտոնի բերումով ապրում է պետության հաշվին: Եթե գումար չունի` ապա սեփական կուսակցությունն առաջ տանելու համար: Սակայն անձնական կեցության խնդիրներ չունի: Մարդը, բնականաբար, իրավունք ունի պապիկ լինելու: Նրա օրոք մի քանի հարյուր հազարի հասնող  հայորդիներ լքեցին Հայաստանը, որտեղ դրության տեր էր բանակը, ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը: Պապիկները բաժանվեցին թոռներից, որդիները՝ հայրերից:

 

Երկրորդ նախագահի կարողությունը, որոշ տեղեկություններով, հասնում է աստղաբաշխական թվերի: Սակայն այս մարդու օրոք տնտեսությունը տեսանելիորեն շնչեց: Չնայած դրան` մարդիկ շարունակում էին արտագաղթել. դարձյալ մի քանի հարյուր հազար հայորդի: Հիմնականում` դեպի Ռուսաստան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի հանդիպման ժամանակ, նայելով երկրորդ նախագահի աչքերի մեջ, կարծես կատակով ասաց. «Հիմա մեզանից ո՞վ է Հայաստանի նախագահը. Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»: Ռուսաստանում այդ ժամանակ արդեն հաշվում էին մոտ 3 միլիոն հայ:

 

Ի տարբերություն առաջին նախագահի, երկրորդ նախագահի իշխանության տարիներին հազարավոր կիլոմետրերով միմյանցից բաժանված մարդիկ հեռավորության վրա կարողանում էին տեսնել միմյանց նոր տեխնոլոգիաների շնորհիվ: Ինչ-որ կերպ կարոտ փարատելու դաշտ ստեղծվեց: Տեսանելի դարձավ հանդիպման հույսը կորցրած դեմքերի ժպիտը: Լավ կյանքի անորոշությունը, սակայն, պահպանվում էր ե'ւ դրսում, ե'ւ Հայաստանում: Գնացողներն, այնուամենայնիվ, վերադառնալու մասին լսել չէին ուզում, մնացողներն էլ դեռեւս հնարավորություն չունեին նրանց միանալու:

 

Ինչպես պարզվեց, երկրորդ նախագահի օրոք բանակը, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն շարունակում էին մեծ դեր խաղալ, սակայն արդեն ոչ թե երկրի նախագահից անկախ, այլ նրա մատի մի շարժումով: Երկրորդ նախագահը երկիրը հավաքեց իր բուռը բոլոր առումներով: Հենց այդպես էլ այն հանձնեց երրորդին:

 

Թվում է` երրորդը բացարձակապես ոչ մի հնարավորություն չուներ իշխանության գալու, նա ՀՀԿ ղեկավարն էր, որին չէին ատում թերեւս միայն Եհովայի վկաները, մարդասպաններն ու ավարտված կաշառակերները: Առաջինները՝ քաղաքականության հանդեպ անտարբերության, երկրորդները՝ իշխանության մնալու մեթոդների հարցում ՀՀԿ-ի հետ հարազատության, երրորդները՝ գաղափարական ընդհանուր գծեր ունենալու պատճառով: Բայց երրորդ նախագահը վերցրեց իշխանությունը: Որովհետեւ երկրում «Եհովայի վկաների», «մարդասպանների» եւ ավարտված կաշառակերների պակաս չկար: Կարելի է ասել, որ այսօրվա Հայաստանում նրանք պարզ մեծամասնություն են: Ահա` ինչու, բոլոր ընտրություններում էլ հաղթում է ՀՀԿ-ն կամ նրա առաջնորդը: Արտագաղթը վերջինիս օրոք դարձավ թթվածին, հիմա մարդիկ արտագաղթում էն այնպես, ինչպես դրսում շնչում են: Այլեւս ոչ ոք չի ուզում սպասել, թե երբ է լավ լինելու: Ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչպես է արդարանում իշխանությունը: Նույնիսկ նրա ճշմարտությունն ու օբյեկտիվ պատճառները հետաքրքիր չեն: Դե իսկ համաշխարհային ճգնաժամը նույնիսկ այնտեղ է, որտեղ փախչում են մարդիկ: Եվ թոռնիկները հեռավոր ափերից skype-ով ժպտում են արցունքներից անազատ տատիկներին ու պապիկներին: Միասին լուսանկարվելն ուղղակի անհնար է: Իսկ երրորդ նախագահը միակն է, որ բոլոր լուսանկարներում ժպտում է: Որ ի՞նչ...

 

Սեյրան Հանոյան

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: