Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Վահե Գրիգորյանը, ով հանրությանն առավել հայտնի է Բուզանդի փողոցի՝ պետական կարիքների համար իրենց տներից վտարված բնակիչների գործով, Facebook-ի իր էջում հատվածներ է մեջբերել ՀԺԿ նախկին անդամ, 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Գրիշա Վիրաբյանի գործից, որտեղ անդրադարձ կա նաև Երեւանի նոր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կիրառած բռնություններին: Վիրաբյանն այս գործը շահել էր Եվրոպական դատարանում:
Փաստաբանը գրել է. «Երեւանի նոր ոստիկանապետի նշանակման առիթով. 17. Դիմողը հայտնում է նաեւ, որ ... այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ եւ սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով եւ ոտքերով հարվածել իր [դիմողի] գոտկատեղից ներքեւ հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը: ...
36. Իր 25/04/2004թ.-ի ցուցմունքում դիմողը քննիչին հիվանդանոցում (ստացված վնասվածքների արդյունքում դիմողը ծանր վիրահատություններ էր տարել) հայտնել էր. «... [դիմողին տեւական ժամանակ շարունակական խոշտանգումների ենթարկելուց հետո] որոշ ժամանակ անց [որոշ ոստիկաններ] դուրս եկան սենյակից եւ ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) եւ սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա եւ ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետեւ նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս: Մինչ ինձ ծեծելը, նա հրամայել էր բոլորին դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնանալու է իմ նկատմամբ: [խոշտանգումները նույն դաժանությամբ շարունակվել են] …» ...
38. 27/04/2004թ.-ին դիմողը կրկին հարցաքննվել էր քննիչի կողմից: Ի պատասխան այն հարցին, թե ինչ խոսակցություն էր ունեցել [Արտաշատի] ոստիկանության բաժնում, նա հայտնել էր, որ … միակ բանը, որ իրեն հարցնում էին այն էր, թե ինչու էր նա մասնակցում ցույցերին եւ իր հետ տանում այլոց: ... Իրեն ծեծելիս Ա.Կ.-ն իրեն հարցնում էր, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարներն էին իր հետեւում կանգնած: Նաեւ հայտնել էր, որ իր Ա.Կ.-ն հրամայել էր իր ձեռքերը շղթայել եւ այդ վիճակում շարունակել էր ծեծը:” Ա.Կ.=Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյան Մարդու իրավունքների եւրոպական դատարան Վճիռ թիվ 40094/05 գործով 02/10/2012թ., Ստրասբուրգ Virabyan v. Armenia»,- մեջբերում է Վահե Գրիգորյանը Վիրաբյանի գործից:
Նշենք, որ այդ ժամանակ Աշոտ Կարապետյանը Արտաշատի ոստիկանության բաժնի օպերգծով տեղակալն էր:
Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով Ներսիկ Նազարյանի փոխարեն Երեւանի ոստիկանապետ է նշանակել Աշոտ Կարապետյանը: Մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը: