կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 18:19
Հասարակություն

Ինչո՞ւ է ոստիկանությունն օրենք խախտում

Ինչո՞ւ է ոստիկանությունն օրենք խախտում

Տարբեր երթերի, ցույցերի, հանրահավաքների ժամանակ ոստիկաններն ընթերցում են հայտարարություններ, երբ տվյալ միջոցառումը արտոնված չէ: Հայտարարություններում բազմիցս շեշտվում են «անօրինական», «ապօրինի», «օրենքի խախտումով», «չարտոնված» եւ նման այլ ձեւակերպումներ: Ոստիկաններն իրենց գործողություններն արդարացնելու համար հիշում են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը: Բնավ տարակուսելի բան չկա, որ ոստիկանը խոսում է օրենքի լեզվով: Բայց նույն ոստիկանը պետք է օրենքում իր իրավունքների բաժինը սովորելուց առաջ, սերտի նաեւ պարտականությունների բաժինը:

 

Իսկ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում հայերենով եւ միանգամայն հասկանալի շարադրված է. «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»:

 

Ոստիկանությունում, կարծես, մոռացել են այսպիսի հոդվածի ու այսպիսի իրավանորմի մասին, քանի որ, «հասարակական կարգը պաշտպանելիս» բազմաթիվ են դեպքերը, երբ ոստիկանության աշխատակիցները հանդես են գալիս քաղաքացիական հագուստով: Ցանկացած հանրահավաքի ժամանակ կարելի է տեսնել քաղաքացիական հագուստով ոստիկանների, ովքեր սկզբից մինչեւ վերջ տեսանկարահանող սարքերով նկարում են ցուցարարներին, ավելի երկար ծափահարողներին, ավելի շատ կարգախոս հնչեցնողներին` «հետագայի համար»:

 

Ապրիլի 9-ի հանրահավաքում եւ բախումների ժամանակ կարելի էր տեսնել քաղաքացիական հագուստով ոստիկանների` կարկառուն օրինակը` Ներսես Նազարյանը: Բայց կային նաեւ  քաղաքացիական հագուստով այնպիսի ոստիկաններ, ովքեր, մտած քաղաքացիների շարքերը, «ներսից» քաշքշում էին մարդկանց: Երբ ինքներս փորձում էինք նկարել Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ոստիկանապետ Վովա Գասպարյանի բանակցությունները, ոստիկանները օղակի մեջ էին առել նրանց եւ չէին թողնում: Նրանց մի մասը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, չէին պատասխանում մեր որեւէ հարցի, ցանկացած հարց բնութագրում էին որպես սադրանք եւ հրամայում ենթականերին ամուր պահել օղակը:

 

Մինչդեռ գեթ մի դեպք չենք հիշում, որ որեւէ ոստիկան տույժ-տուգանքի, նկատողության կամ որեւէ այլ պատասխանատվության ենթարկված լինի օրենքի այս պահանջը չկատարելու համար, այն էլ` ոստիկանապետի ներկայությամբ:

 

Լուրջ հարց է առաջանում` եթե այն անձինք, ովքեր ի պաշտոնե, երդմամբ, պարտավոր են պահել-պահպանել օրենքների կիրառումը, հենց իրենք խախտում են դրանք, էլ ի՞նչ բարոյական իրավունք ունեն ուրիշներից օրենքի պահպանում պահանջել: Եվ արդյո՞ք քաղաքացին իրավունք չունի չենթարկվել նրանց հրամաններին:

 

Ամեն անգամ հիշում ենք քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին, երբ խոսք է լինում հանրահավաքներին բախում հրահրելու, սադրանքների մասին: Ովքե՞ր են սադրիչները … «Իրավապահների» ականջը կանչի:

 

Ներկայացնում ենք նաեւ civilnet.am-ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը: