|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր առավոտյան մի քանի թերթ ու կայք աղմկել են այն մասին, որ իբր ընդդիմադիր ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները խուսափում են լրագրողների հետ հանդիպումներից, քանզի պատասխան չունեն այն հարցին, թե որտեղ էին իրենք ապրիլի 9-ին և ինչու չկանգնեցին ժողովրդի կողքին: Պատճառը, թերևս «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի երեկվա ասուլիսն է, որի ժամանակ պարոն Սաֆարյանը փորձել էր, նսեմացնելով բոլորին, վսեմացնել իր կուսակցության առաջնորդին:
Կարճ հիշողությունն, անշուշտ, չի գեղեցկացնում քաղաքական գործչին: Հուսանք՝ Ստեփան Սաֆարյանի ականջին դեռ հնչում են իր կուսակցապետի խոսքերն այն մասին, որ իր պապերի կուսակցությունն այստեղ է` Ազատության հրապարակում: Դաշնակցությունը, պարո'ն Սաֆարյան, Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով չէ, որ եկել էր Ազատության հրապարակ ու Րաֆֆի Հովհաննիսյանի հրահանգով չէ, որ հարթակից հայտարարեց ժողովրդի հետ լինելու մասին: Ամեն ինչում մեղադրեցին Դաշնակցությանը, ընդհուպ` մինչև Րաֆֆու շարժմանը տեր կանգնելու նկրտումներ ունենալու: Ինչո՞ւ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Ստեփան Սաֆարյանը չասացին, որ այդպիսի բան չկա, որ մենք Դաշնակցության հետ մեզ հզոր ենք զգում: Ընդհակառակը, ամեն ինչ արեցին, որ հարթակը դառնա ամեն տեսակ ելույթների վայր, որ այն հեղինակազրկվի, որ այն չարտահայտի ժողովրդի բուն պահանջները, որ այն ծրագիր չունենա ու մարդկանց մատնի անորոշության:
Ի՞նչ պիտի աներ Դաշնակցությունը, պիտի փորձեր բողոքող հանրությանն այլ վայրո՞ւմ հավաքվել, հարթակից պիտի քննադատե՞ր Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա պայքարը սխալ հունով է տանում, որ նա ծրագիր ու քաղաքական տարրական քայլերի պատկերացում իսկ չունի: Քանի՞ անգամ Դաշնակցությունը հուշեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ սկսված շարժման շուրջ համախմբել քաղաքական ուժերին ու միասնական ցուցակով գնալ ավագանու ընտրությունների, չթուլացնել քաղաքական պայքարը զանազան զգացմունքային որոշումներով ու քայլերով: Ո՞վ լսեց… Փոխարենը, այսպես կոչված, ալտերնատիվ կառավարության ցուցակներ, մարզային անիմաստ շրջագայություններ, մահվան տեսիլներ և այլն: Նույն Ստեփան Սաֆարյանի խոսքերն են՝ մենք դիմեցինք Սահմանադրական դատարան, որ հետո մեզ չասեն՝ ինչու չդիմեցիք: Մանկապարտեզ` բառիս բուն իմաստով: Մի՞թե Սահմանադրական դատարան դիմում են խաղադրույք կատարելու պես՝ կա'մ կշահես, կա'մ չես շահի սկզբունքով: Դատարան դիմում են փաստերի, հստակ բողոքների, վկաների ավելցուկով, այլ ոչ թե խախտումների մասին այստեղից-այնտեղից լսած տրտունջներով: Հետևաբար, ի՞նչ մտածես ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուի մասին, երբ նա ու նրա թիմը մատների արանքով են նայում նման խնդիրներին:
Եվ վերջապես՝ «Ժառանգության» մեր գործընկերները պետք է լավ իմանան, որ իրենք միանգամայն պատահաբար են հայտնվել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: Պետք է գիտակցեն, որ սա Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած շարժումը չէ, և որ, առիթից օգտվելով, իրենք փորձում են այս շարժումը դնել Րաֆֆու տակ: Կարող է ծիծաղելի թվալ, բայց նույնիսկ իշխանությունն է ջանում դա անել, միայն թե Րաֆֆի Հովհաննիսյանը մնա շարժման առաջնորդի կարգավիճակում և նրա շուրջ ձևավորվի կառավարելի ընդդիմություն: Ապրիլի 9-ի «կապիկությունները» հենց դա են ցույց տալիս, ինչը մյուս ընդդիմադիր ուժերին ստիպում է զգուշանալ թե' Րաֆֆի Հովհաննիսյանից և թե' նրա ամենամերձավոր շրջապատից, որ յուրաքանչյուր 5 րոպեն մեկ «առաջնորդին» դրդում է հերթական անկապ քայլին ու հայտարարությանը:
Որտե՞ղ էին մյուս ընդդիմադիր ուժերը, երբ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ծեծում էին ժողովրդին՝ աղմկել են որոշ լրատվամիջոցներ: Շատ ներողություն՝ դուք տեսե՞լ եք, որ ժողովուրդ են ծեծել: Եթե դա ծեծելն էր, ապա ո՞րն է ծեծելը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռ մի բան էլ Ներսիկի վրա էր բարկանում, թե ինչո՞ւ չի բացում Բաղրամյանի ձախ մայթը, որ մարդիկ հանգիստ քայլեն քաղաքի այդ պողոտայով: Մի՞թե սա չէ ողջ ճշմարտությունը: Ուրեմն որտե՞ղ պիտի լիներ Դաշնակցությունն այդ պահին: Վլադիմիր Գասպարյանի կողքի՞ն:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ