Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավոք, մենք ունենք այս իշխանությունը, մենք ունենք այս իշխանության ղեկավարը․ որդիներ են լինում, չէ՞, որ «բեդովլաթ» է ժողովուրդը ասում, հայրերի ժառանգությունը մսխում, կորցնում են քաղաքական կազինոներում, մենք հիմա այդ իրավիճակում ենք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները երբ օրերս գործադուլ էին անում՝ պահանջելով վերականգնել պաշտոններում աշխատանքից ազատված իրենց 38 գործընկերներին, կոմբինատի փոխտնօրենն ասաց՝ ՀՀ կառավարությունից են պահանջել կա՛մ ազատել այդ աշխատակիցներին, կա՛մ էլ ընդհանրապես չաշխատել։ Դրան նախորդել էր հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հոխորտանքը, որ ովքեր թույլ չեն տվել, որ կոմբինատի աշխատակիցները մասնակցեն իր հանրահավաքին՝ աշխատանքից ազատվելու են, ու ԱԱԾ-ի մուտքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի դեմ այսպիսի բռնաճնշումներ կիրառելը Աղվան Վարդանյանը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չհամարեց վերլուծել, բայց փաստեց, որ այդ մարդու հայտարարությունները և վարած «քաղաքականությանը» ակնհայտ են դարձնում, որ Հայաստանը վաղուց իրավական պետություն չէ և որևէ տնտեսական անհրաժեշտություն կամ այլ գործոններ դեր չեն խաղում այդ մարդու քմահաճույքների համար։
«Կոմբինատի խնդիրը առանձին՝ աբսուրդ է, իհարկե, տնտեսվարողների գործունեությանը նման միջամտությունը, բայց մի մոռացեք, որ այսօր նաև ունենք Սյունիքի 4 քաղաքապետերի ապօրինի կալանավորում, երբ կարող էր լինել խափանման այլ միջոց, և բացառված է, որ այդ մարդիկ որևէ իրավական երկրում կալանքի տակ լինեին։ Նրանցից 2-ը ԱԺ պատգամավորներ են, մեկն էլ թեկնածու է և առաջադրվելու է ՏԻՄ ընտրություններում իբրև Գորիսի քաղաքապետ։ Սա մեկ մարդու քմահաճույք է, քինախնդրություն, որով նա առաջնորդվել է այս ամբողջ ընթացքում․ սա ոչ միայն վերաբերում է Սյունիքին, կոմբինատին, այլ իր բոլոր գործողությունների շարժառիթը այս վրեժխնդրությունն է։ Փոխանակ գործով զբաղվելու՝ տապալել են ամբողջ պետական համակարգը և պետական ամբողջ համակարգը ծառայեցնում են մեկ մարդու քմահաճույքներին»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Հակառակ իր բոլոր խոստումներին՝ նա ինչ արել է, արել է ժողովրդի թիկունքում, նշեց նա, նույնը վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի հատվածներին, որ բազմաթիվ վկայություններ կան և քարտեզներ կան, որ այդ տարածքը ամբողջովին եղել է Խորհրդային Հայաստանի կազմում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդը մտել է մի խաղի մեջ՝ չհասկանալով դրա աշխարհաքաղաքական հետևանքները։
«Այսօր Թուրքիայի, Ադրբեջանի հայտարարությունների առումով, Սյունիքի միջանցքի կամ նույնիսկ միջանցքների մասով սա բախվելու է տարբեր ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերին։ Եվ այս մանկական խաղը՝ փորձել տարբեր ուժային կենտրոնների հետ տարբեր բաներ խոսել, տարբեր բաներ պայմանավորվել, սրան գցել, նրան գցել, իր միակ՝ իշխանությունը պահելու նպատակով․․․ ինքը չի հասկանում, և չի էլ հասկանալու՝ ինչ խաղի մեջ է մտել և ինչ հետևանքներ սա կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»,-ասաց Աղվան Վարդանյանը։
ԱԺ-ում պատգամավորը հարց էր ուղղել իշխող թիմին հայ-թուրքական հաշտեցման մեկ անգամ տապալված գործընթացի մասին։ Նա հիշեցրել էր, որ 2009 թ-ին հայ-թուրքական Ցյուրիխյան երկու արձանագրություններ ունեինք և ունեինք ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որտեղ հստակ կարմիր գծեր են քաշված․ դրանք վերաբերում են Հայաստանի Սահմանադրության նախաբանին, վերաբերում են Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որ երկկողմանի հարաբերությունները չեն կարող առնչվել երրորդ երկրի, այս պարագայում՝ Ադրբեջանին։ Բայց իշխող թիմից նախընտրեցին չպատասխանել այս հարցին։
«ԱԺ-ում այդ հարցին չպատասխանելը ևս մեկ վկայություն է, որ նրանք ուղղակի փորձելու են գնալ հերթական զիջումներին և հատելու են նաև այդ կարմիր գծերը, որոնք մեր պետականության և ընդհանրապես լինելիության գրավականներն են։ Ես կսպասեմ նրանց գրավոր պատասխանին, բայց չպատասխանելն արդեն նշանակում է չունենալ հստակ դիրքորոշում, և հավանական համարել զիջումները ՍԴ այդ որոշումից»,-եզրակացրեց Աղվան Վարդանյանը։
Նա կարծում է՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Վստահ չէ, որ հոկտեմբերին այս հարցերը կլուծվեն-կավարտվեն, քանի որ բազմաթիվ ուժային կենտրոնների շահեր են բախվում, բայց ստահ է մի հարցում ՝ այս իշխանությունն ի վիճակի չէ երկիր կառավարել, այս իշխանությունը չունի արտաքին քաղաքականություն, ամեն ինչ արվում է մեկ մարդու մտասևեռումներով, և ուրեմն, խնդիրը հստակ է՝ հնարավոր բոլոր ճանապարհներով պետք է ազատվել այս մարդու իշխանությունից։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․