կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 12:35
Քաղաքական

ԱԺ-ում դարձյալ թեժ է

ԱԺ-ում դարձյալ թեժ է

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զաորւհի Փոստանջյանը ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե Մարզահամերգային համալիրի որ դահլիճում է վաղը տեղի ունենալու Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, եւ ովքեր են հրավիրված, ովքեր են արտասահմանցի հյուրերը:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, իր հերթին, հիշեցրեց անցած քառօրյայի ընթացքում ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի նախագիծը հատուկ նիստի վերաբերյալ, իսկ հյուրերի ցանկի վերաբերյալ տեղեկատվություն հորդորեց ստանալ աշխատակազմից:

 

Զարուհի Փոստանջյանը փորձում էր ինչ-որ բան ասել, բայց խոսքը կիսատ մնաց: Նա միայն հասցրեց ասել` «հարգելի պարոն Աբրահամյան, ես Ձեր պատասխանից հասկացա, որ Դուք չեք ցանկանում հնչեցնել այն փաստը...», որից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հրահանգեց անջատել Փոստանջյանի խոսափողը, քանի որ, ըստ Շարմազանովի, նրա ելույթը կապ չունի օրակարգի հետ:

 

Այս միջադեպից հետո Փոստանջյանը եւս երկու անգամ փորձեց ավարտել իր խոսքը, երկու անգամ էլ նիստը վարող Էդուարդ Շարմազանովը հրահանգեց անջատել նրա խոսափողը: Փոստանջյանին օգնության հասավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կանոնակարգում գրված է, որ նիստը վարողը կարող է ընդհատել ելույթ ունեցողին, եթե բանավեճ է ծագում երկու կողմերի միջեւ: Փաշինյանը նշեց, որ բանավեճ հրահրողն այս դեպքում Շարմազանովն է:

 

Բորբոքված Շարմազանովը հրահանգեց անջատել Փաշինյանի խոսափողը՝ նուըյն պատճառաբանությամբ, որ նրա ասածը կապ չունի օրակարգի հետ:

 

Վարման կարգով ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Իհարկե, եթե կանոնակարգ է խախտվում, եւ ելույթ ունեցողը խոսում է ոչ թե այն թեմայով, որը նախատեսված է, ապա Դուք կարող եք անջատել, բայց Դուք չեք լսում, թե նա ինչ է ասում, առաջին երեք-չորս բառից հետո ասում եք՝ անջատեք խոսափողը: Բայց Դուք չգիտեք` գուցե ինքը շարունակության մեջ ասում է հենց այն, ինչ բոլորս սպասում ենք»,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ առնվազն պետք է հնարավորություն տրվի պատգամավորին, որ նա ավարտի խոսքը, ինչին ի պատասխան Շարմազանովը հայտարարեց, որ պատգամավորների մտքի իմաստը հասկանալու համար անհրաժեշտ չէ մինչեւ վերջ նրանց լսել:

 

Թեժացած մթնոլորտը փորձեց մեղմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա հաշտության եւ համերաշխության կոչ արեց, նաեւ հայտարարեց, որ ինքը երբեք իր պատասխանատվությունը ոչ մեկի վրա չի դրել` հավանաբար ակնարկելով Շարմազանովին: