կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-03 16:15
Առանց Կատեգորիա

Արա՞ծ, թե՞ տարած

Արա՞ծ, թե՞ տարած

Մայիսին կայանալիք` Երևանի ավագանու ընտրությունների առթիվ ո՛ր ՀՀԿ-ականին խոսեցնում եք՝ իրենց թիմի և թիմի առաջնորդի անտարակուսելի հաղթանակի մասին փաստում է «արած գործերով»: Շարմազանովից բռնած մինչև Կարինե Աճեմյան ու Ռուզաննա Մուրադյան խոսում են ՀՀԿ-ական ավագանու և քաղաքապետ Տարոն Մարգարյանի «արած» գործերի մասին: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում որևէ համայնքի ավագանի կամ համայնքի ղեկավար ընտրվում է համայնքը քարուքանդ անելու նպատակով, բայց ահա եկել է ՀՀԿ-ն իր նվիրյալներով ու քանդելու փոխարեն քարը քարին է դնում, «գործ» է անում՝ «արած» ունի:

 

Տարօրինակն այն է, որ այս «գերագույն» փաստարկով, դիցուք` ՀՅԴ-ն կամ «Ժառանգությունը» բոլորովին անտեղի են մասնակցում ավագանու առաջիկա ընտրություններին, որովհետև որևէ բան չունեն «արած»: Թե ե՛րբ և ինչպե՛ս պիտի նրանք «անեին»՝ ներկայացված չլինելով ավագանիում ու չունենալով կուսակցական քաղաքապետեր, անհայտ է, սակայն երբ «արածը» դառնում է վերընտրվելու գլխավոր փաստարկ, ապա կախարդական շրջան է ստացվում՝ այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից վերընտրվելու է ՀՀԿ-ն, որովհետև միայն նա ունի «արած» կամ ամենաշատը «արած»:

 

Ավագանու ընտրությունների նախաշեմին սկսել են նաև քաղաքապետ Տ. Մարգարյանի «արածի» գույքագրումը: Կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը չէր ալարել, հաշվել էր, թե Տարոնը քանի բակ ու զբոսայգի է բարեկարգել իր «օրոք», քանի շենքի տանիք ու նույնիսկ վերելակ է նորոգել: Այսօրինակ «փաստարկների» դեմ, անշուշտ, ՀՀԿ-ի ու նրա թեկնածուի դեմ խաղ չկա, որովհետև, բացի նրանցից, որևէ այլ քաղաքական ուժի ձեռքում դեռևս երբեք այդքան լծակ ու միջոց չի եղել՝ նույն բանն անելու:

 

Ահավասիկ` ինչպե՛ս է իշխանական լծակը դառնում ռեսուրս, որն իշխող կուսակցությունն իր օգտին շահագործում ու շահարկում է բացահայտ ու հաղթական, առանց դույզն-ինչ անհարմար զգալու: Եվ ՀՀԿ-ն անհարմար չի զգում՝ Շարմազանովից մինչև Կարինե Աճեմյան ու Ռուզաննա Մուրադյան: Եվ այս պարագայում գուցե արդեն կարիք կա Ընտրական օրենսգրքում ներմուծել «արած» հասկացությունը` իբրև քաղաքագիտական կատեգորիա, և դրա «հիմքով» կազմակերպել համայնքային ընտրությունները. գուցե պետք է օրենսդրորեն նեղացնել ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շրջանակը՝ մասնակցության արտոնությունը վերապահելով սոսկ նրանց, ովքեր «արած» ունեն, և այդպիսով հավերժացնել ՀՀԿ-ական մենիշխանությունը: Հավերժացնել, եթե նույնիսկ ՀՀԿ-ականներն այս պետությունից ավելի շատ «տարած» ունեն, քան պետության համար՝ «արած»:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ