կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-05 14:48
Քաղաքական

Հայրիկյանը ցնցում տարած մարդ է. Աղվան Վարդանյան

Հայրիկյանը ցնցում տարած մարդ է. Աղվան Վարդանյան

Քարոզարշավը հետաձգելու՝ Պարույր Հայրիկյանի որոշումն իր որոշումն է, որեւէ վերաբերմունք ՀՅԴ-ն չունի: «Այս ընտրությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտի է, որեւէ բան կախված չէր պարոն Հայրիկյանի որոշումից, գուցե ինչ-որ բան իր անձնականի, իր վարկանիշի հետ կախված էր, բայց մեծ հաշվով ընտրությունների արդյունքը կանխորոշված էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

ՀՅԴ-ական պատգամավորը կատակով նշեց, որ Սահմանադրության մեջ, բացի անհաղթահարելի խոչընդոտ ձեւակերպումից, պետք է ավելացնել նաեւ «անսպասելի խթան» տերմինը, երբ ինչ-որ միջադեպ կարող է նպաստել այս կամ այն թեկնածուի շուրջ շատ ավելի մեծ ուշադրության եւ վարկանիշի «կտրուկ» փոփոխության: «Որեւէ բան չի փոխվելու, որեւէ բան չի լինելու՝ չնայած խթանին, ամեն ինչ տեղավորվում է սահմանված չափանիշների մեջ»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

 

Տեսակետը, որ մահափորձի հետեւում կարող են կանգնած լինել ընտրություններին չմասնակցող ուժերը՝ խանդից ելնելով, ՀՅԴ-ական պատգամավորն ապուշություն որակեց, որոշ մարդկանց կիսաքաղաքական մտածողության արդյունք: Ընտրությունները, ըստ նրա, ունեն երկու շատ յուրօրինակ հատկություն՝ ավարտվում են եւ յուրաքանչյուրի թղթի վրա գրվում է իր տոկոսը, եւ երկրորդ՝ ընտրությունները ավարտվում են եւ սկսվում է երկրորդ շրջանը, որի ժամանակ էլ ՀՅԴ-ն կխոսի:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հասկանալի՞ է Հայրիկյանի պահվածքը, երբ նախ հայտարարում էր, որ ռուսներին է կասկածում մահափորձում, իսկ հիմա ասում է, թե ներքին ուժերի ձեռքի գործն է, Աղվան Վարդանյանը պատասխանեց.  «Պարույր Հայրիկյանը ցնցում տարած, շոկի մեջ գտնվող մարդ է եւ կարող է ամենահակասական եւ ամենատարբեր տեսակետներ հայտնել»: