Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների հեռանկարներին: Նրա խոսքով` այն մտավախությունները, որ Իրանի կողմից վեցյակի հետ կնքված համաձայնագրից հետո Հայաստանը կարող է կորցնել իր կարևորությունը Իրանի համար, իրանական պատվիրակության վերջին այցի շրջանակներում, և այդ այցերի արդյունքում կայացած համաձայանգրերի համատեքստում, փաստացիորեն դուրս է գալիս օրակարգից:
«Նման բարձրաստիճան և ներկայանալի կազմով իրանական կողմի պատվիրակության այցը Հայաստան ակնհայտ ազդակ է ա ռ այն, որ Հայաստանը պահպանում է իր կարևորությունը Իրանի համար նաև ստեղծվող նոր պայմաններում»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Ինչ վերաբերում է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցի ընթացքում ձեռքբերված համաձայնագրերին, ապա դրանք կարելի է բաժանել մի քանի ուղղությունների` էներգետիկ ոլորտի համաձայնություններ` երրորդ բարձրավոլտի կառուցման մասին , որի վերաբերյալ անգամ ժամկետներ հստակեցվեցին և Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին:Երկրորդ կարևոր ոլորտը դա հաղորդակցության ուղիների հարցն էր` Իրան -Հայաստան երկաթգծի կառուցման մասին , և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու միջոցով Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրի մասին: Երրորդ խոշոր ոլորտը, ըստ Վարդան Ոսկանյանի, առևտրատնտեսական շրջանառության հարցն է, որը ենթադրում է ծավալների աճ:
« Իրանը շահագրգիռ է այդ ծրագրերը իրականություն դարձնելու հեռանկարով: Իրանը կարևորել է Հայաստանի` ԵՏՄ դարպաս դառնալու հանգամանքը, բացի այդ ԵՏՄ տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, և դա լուրջ առավելություն է տալիս Հայաստանին դառնալու կապող օղակ մի կողմից Մերձավոր արևելքի երկրների, մյուս կողմից Ռուսաստանի, ԵՏՄ երկրների միջև»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Այն հարցին, արդյոք՞ միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանը գրավիչ է իրանցի գործարարների համար, մանավանդ որ նրանցից շատերը բողոքում են, որ Հայաստանում հարկային դաշտը բարենսպատ չէ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար, Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը մի կարևոր առավելություն ունի, որը պետք է պատշաճ ներկայացվի իրանցի գործընկերներին, դա այն է, որ Հայաստանը ԵՏՄ շուկայում առանց մաքսազերծման, կարող է վաճառել Հայաստանում արտադրված ապրանքները: Հետևաբար իրանական կապիտալի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքները մրցունակ գներով կարող են վաճառվել ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայում: Հայաստանը նաև ԵՄ-ի հետ առևտրային հատուկ վիճակի հնարավորություններ ունի, և կրկին, ավելի մրցունակ գներով կարող է ապրանքը վաճառել եվրոպական շուկայում:
«Սյունիքի մարզում, օրինակ կարելի է ստեղծել ավելի արտոնյալ պայմաններ, հրապուրելու իրանցի գործընկերներին, որովհետև Սյունիքի մարզը Իրանի հետ սահմանակից է»,- կարծիք հայտնեց Վարդան Ոսկանյանը:
Ինչ վերաբերում է հայ-իրանական գազատարի կառուցման հնարավորությանը, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին օրերին հետաքրքրական է նաև Վրաստանից եկող տեղեկատվությունը այն մասին, որ Վրաստանը փորձ է կատարում այլընտրանքային էներգակիրների հոսք ապահովել իր երկիր` հեռու ապագայում ազատվելու համար թուրք-ադրբեջանական էներգակիրների կախվածությունից: Եվ այդ առումով Հայաստանը Իրանի հետ կապող ամենակարճ ուղին է էներգակիրների հոսքը ապահովելու համար:Եվ վրացական կողմից ևս նկատվում է շահագրգռվածություն, թեև այդ ազդակները դեռ նախնական են:
Հարցին, կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը կաշկանդող ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների լիարժեք զարգացման համար, Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի պես երկրի համար , հենց թեկուզ տարածքային առումով դժվար է , այսպես կոչված անկախ քաղաքականություն վարելը :
«Նկատի չունեմ, թե այդպիսի քաղաքականություն ընդանրապես չի կարելի վարել, բայց բնական է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի տարածաշրջանում առկա գերտերությունների շահերը: Հաշվի չառնել Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասի էներգակիրների ոլորտում, դա անգամ ոչ տրամաբանական է: Չեմ էլ կարծում, որ Ռուսաստանը կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, իհարկե, որոշակի աշխատանքներ տանելուց հետո: Հստակորեն պետք է բացատրվի ռուսական կողմին, որ Հայաստանը ,հանդիսանալով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, նաև կարիք ունի զարգացման լրացուցիչ խթանների: Եվ այս տարիների ընթացքում Հայաստանը թե Ռուսաստանին, թե Իրանին հստակորեն ցույց է տվել, որ վստահելի գործընկեր է:
Վարդան Ոսկանյանի կարծիքով Հայաստանը չպետք է իր հարաբերությունները այլ երկրների հետ կառուցելիս առաջնորդվի հյուսիսի կամ հարավի հետ կապված մտավախություններով, և հասարակական մտայնությունից պետք է աստիճանաբար հանվի հարևան երկրների հետ կապված, այսպես կոչված «սարսափ տարածող ուրվականները», դա լինի ռուսական, թե ադրբեջանական «ուրվական»:
«Կովկասյան տարածաշրջան այց կատարած իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին ոչ թե Վրաստան կամ Ադրբեջան, այլ այցելեցին Հայաստան: Դա վառ ցուցիչ է հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար»,- ասաց նա:
Հարցին, թե որքան՞ է հավանականությունը, որ Իրանի նախագահը կայցելի Հայաստան, Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ, համենայն դեպս, այդ այցի համար որևէ խոչընդոտ չկա:
«Հայաստանի ու Իրանի միջև քաղաքական հարաբերությունները այնքան բարձր մակարդակի վրա են, որ նախագահների փոխադարձ այցելությունների համար որևէ խոչընդոտ չկա: Եթե նպատակահարմարություն լինի, ես կարծում եմ, որ այդ այցերը կկայանան»,- ասաց Վարդան Ոսկանյանը: