կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 14:27
Հասարակություն

Գործատուն կպարտավորվի աշխատանքով ապահովել հաշմանդամներին

Գործատուն կպարտավորվի աշխատանքով ապահովել հաշմանդամներին

Մոտ օրերս ՀՀ կառավարությանը կներկայացվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի խորհրդարանական լսումները տեղի ունեցան այսօր:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրենքի նախագծով սահմանվում է, որ գործատուները աշխատանքով ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց, հակառակ դեպքում` մասնահանումներ կլինեն, ինչը նշանակում է, որ եթե գործատուն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում աշխատանքով ապահովել հաշմանդամություն ունեցող անձին, ապա պարտավորվում է մասնահանում կատարել /գումար փոխանցել/, որպեսզի մյուս գործատուն կարողանա համապատասխան պայմաններ ստեղծել:

 

«Օրենքի դրական փոփոխություններից մեկն էլ այն է, որ սոցիալական պաշտպանությունը փոխակերպվում է սոցիալական ներառման: Տասնութ տարեկանից բարձր անձանց համար հիմնական խնդիրը լինելու է պահպանված աշխատունակության սահմանումը, քանի որ ինտերգրվելու ամենակարեւոր ձեւը զբաղվածության ապահովումն է: Գնահատելով յուրաքանչյուր անձի սոցիալական կարիքները` կձեւավորվեն վերականգնողական անհատական ծրագրեր»,- ասաց նախարարը:

 

Ըստ նրա` հաշմանդամություն ունեցող անձանց համար կարեւոր է նաեւ միջավայրի հարմարեցումը եւ, ի տարբերություն գործող օրենքի, նոր օրենքով նախատեսվում է համապատասխան մեխանիզմների ամրագրում, որը թույլ կտա քայլ-քայլ իրականացնել այդ դրույթները եւ հասնել նաեւ աշխատատեղերի հարմարեցման: