կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-24 06:09
Առանց Կատեգորիա

Google-ը` ամենահեղինակավոր գործատուն

Google-ը` ամենահեղինակավոր գործատուն

Ինտերնետային հսկա Google-ը հերթական անգամ ապացուցել է, որ ԱՄՆ ամենահեռանկարային ընկերություններից է:

 

«Յունիվերսում» հետազոտական խմբի անցկացրած հարցախույզի արդյունքներով` Google-ում երազում է աշխատել ամերիկյան բուհերի շրջանավարտների 25 տոկոսը:

 

Երկուշաբթի օրը հրապարակված` ամերիկյան ամենագայթակղիչ գործատուների վարկանիշում կորպորացիան առաջատարի դիրքում է` մեծ տարբերությամբ: Նրան հաջորդում է Apple-ը. աշխարհին iPad եւ iPhone նվիրած ընկերությունում ցանկանում է աշխատել երիտասարդ մասնագետների 13 տոկոսը: Երրորդ տեղում Walt Disney-ն է` 9,4 տոկոս:

 

«Երիտասարդ մասնագետները ցանկանում են աշխատել այն ընկերություններում եւ կազմակերպություններում, որոնք, առաջին հերթին, իրենց գրավում են` որպես սպառողների: Բացի դրանից` նրանք ցանկանում են, որ գործատուն ֆինանսական առումով ամուր կանգնած կլինի ոտքերի վրա եւ պարզ հեռանկարներ ունենա»,- ասել է հարցման կազմակերպիչներից մեկը:

 

Վերոհիշյալ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվել են նաեւ պետդեպարտամենտը, Amazon ինտերնետային ընկերությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն, Microsoft-ը, Կենտրոնական հետախուզական վարչությունը, NASA-ն եւ «Կրթություն հանուն Ամերիկայի» բարեգործական ընկերությունը:

 

Հարցման մասնակիցներին առաջարկվել է հարցաթերթիկում ավելացնել նաեւ գործատուների անուններ, որոնք այնտեղ տեղ չեն գտել: Բացարձակ առաջատար է դարձել Facebook-ը, դրան հաջորդել են Պենտագոնը եւ ՄԱԿ-ը:

 

Թեեւ երիտասարդ մասնագետները նախընտրում են բարձր տեխնոլոգիաների աշխատաշուկան, ըստ Wall Street Journal-ի, օրինակ`2008-ին բուհերի շրջանավարտների մեծ մասը ստացել է բժշկի, սոցիոլոգի եւ պատմաբանի դիպլոմներ, ավելին` ֆինանսական ոլորտում գիտական աստիճան ունենալը 10 անգամ ավելի հեղինակավոր է, քան տեղեկատվության բնագավառում: