| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին չի հավատում Ռուսաստանի` Եվրասիական միություն ստեղծելու գաղափարին եւ ընդգծում է «ընդլայնված Արեւուտքի» ստեղծման անհրաժեշտությունը: Այդ մասին վերլուծաբանը հայտնել է լեհական polskatimes.pl կայքին տված հարցազրույցում. տեղեկացնում է apsny.ge-ն:
«Ասել, թե Ռուսաստանը տվյալ պահին Եվրասիական միություն է ստեղծում, մեծ չափազանցություն կլիներ: Ռուսաստանը, առաջին հերթին` նախագահ Վլադիմիր Պուտինը, կցանկանար, որ այն ստեղծվի, սակայն դա ընդամենը ցանկություն է, այլ ոչ թե կատարված փաստ»,- նշել է Բժեզինսկին:
Նրա կարծիքով` Կրեմլը կփորձի համոզել հետխորհրդային պետություններին` միանալ համագործակցության ամրապնդման ընդհանուր հայեցակարգին, սակայն բավական է այցելել այդ երկրներ` համոզվելու համար, որ տեղի քաղաքական վերնախավերը սովորել են ինքնիշխանության գաղափարին եւ նրանց դուր է գալիս սեփական անկախ պետությունն ունենալու փաստը:
Բժեզինսկու խոսքերով` ամեն ոք ցանկանում է լինել սեփական երկրի նախագահ, վարչապետ, նախարար, գեներալ կամ դեսպան, այլ ոչ թե «գլոբալ բյուրոկրատիայի անդամ, որը կփորձի նոր ազգային կայսրություն ստեղծել` հենվելով էթնոսի` սեփական ըմբռնման վրա»:
«Ես դժվարությամբ եմ հավատում, որ Եվրասիական միություն ստեղծելու` ռուսաստանյան գաղափարը հաջողությամբ կպսակվի: Ամեն ինչից զատ, այն պայմաններում, երբ Արեւմուտքը կարող է ամրապնդել իր ուժերը, իսկ Չինաստանը` պահպանել զարգացման ներկայիս տեմպերը, Ռուսաստանի վիճակը նրանց արանքում բավականին անհարմար կլինի»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահի խորհրդականը:
Նա խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին «ավելի նուրբ եւ մտածված ռազմավարություն ունենալ Մերձավոր Արեւելքում»: «Այդ պատճառով ընդգծում եմ «ընդլայնված Արեւմուտքի» ստեղծման կարեւորությունը, որը կներառեր եվրաատլանտյան հանրությունը, նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան կամ Թուրքիան: Բնականաբար, վերջնական նպատակին հասնելը շատ ժամանակ կպահանջի, կարծում եմ` մի քանի տասնամյակ պիտի սպասենք»,- նշել է Բժեզինսկին: