կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 16:34
Քաղաքական

Հայաստանի քաղաքական վեկտորը փոխվել է դեպի Եվրասիական միություն

Հայաստանի քաղաքական վեկտորը փոխվել է դեպի Եվրասիական միություն

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության հարցերում ՀՅԴ դիրքորոշմանն ու Վահան Հովհաննիսյանի` դեսպան նշանակվելու հարցերին, նշեց որ ՀՅԴ-ն հայտարարություն չի արել, թե համաձայն է ՀՀ արտաքին քաղաքականության հետ, որ կուսակցությունն իր տեսակետն ունի, եւ այդ տեսակետները հստակ արտահայտել է իր 7 կետերում:

 

Ռուստամյանը վստահեցրեց, որ Վահան Հովհաննիսյանին դեսպանի պաշտոնում նշանակմամբ ՀՅԴ-ն իր տեսակետներից չի հրաժարվելու, չի կաշկանդվելու: Լրագրողների հարցին` շարունակելո՞ւ է արդյոք ՀՅԴ-ն պահանջել արտգործնախարարի հրաժարականը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե արտգործնախարարն ինքն է փոխել իր մոտեցումները:

 

«Ամսի 3-ից հետո Հայաստանում բոլորովին այլ վիճակ է: Եթե մենք դա չենք ուզում խոստովանել, այդ թվում` նաեւ արտգործնախարարը, դա իր պրոբլեմն է, բայց ամսի 3-ից հետո բոլորը գիտեն, որ նոր իրավիճակ է առաջացել. Հայաստանում արտաքին քաղաքականության վեկտորը փոխվել է` մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն: Եվրասիական միությունը աշխարհաքաղաքական բեւեռ է ձեւավորում, որի առանցքում Ռուսաստանն ու Չինաստանն են»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

 

Նա հավելեց, որ հայ-թուրքական հարաբերությունների այն տրամաբանությունը, որը զարգացնում էր մինչեւ հիմա Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ձեռնտու չէ Ռուսաստանին: Նա նշեց, որ եթե այդ հարաբերությունները զարգանային ու հասնեին այն մակարդակին, ինչ նախատեսված էր, ապա Ռուսաստանն այս տարածաշրջանում այլեւս անելիք չէր ունենա, այդ թվում` նաեւ Հայաստանում:

 

«Արտգործնախարարի ու ՀՀ նախագահի հայտարարություններն իրար չեն բռնում. արտգործնախարարը խոսում է Մաքսային միության մասին` Եվրասիական միությունը թողնելով հեռվում, նախ ԵվրԱԶԵՍ է ասում, որը տարբեր բան է` Եվրասիական միությունը չէ, մենք խոսում ենք Եվրասիական միության մասին, որի մասին նախագահը խոսել է Մոսկվայում»,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը եւ ավելացրեց, որ եթե խնդիրը ձեւակերպվի այսպես, ապա ակնհայտ կդառնա, որ Հայաստանն այլընտրանք չուներ, իսկ եթե մենք չունենք այլընտրանք, պետք է ամրապնդենք այն, ինչ ունենք: