Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ հաջորդ շաբաթ հանդես կգա լայն անդրադարձով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ կարող եմ ասել, որ բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,- նշել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ օրերս ՌԴ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: «Նախարարները համակարծիք են եղել այն հարցում, որ անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում իրադրությունը կայունացել է, հրադադարի պահպանման ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է: Բաքուն և Երևանը բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը: Առանձին միջադեպերը կարգավորվում են փոխգործակցության կապերի միջոցով: Ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաարգելափակման ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ հիշեցնելով Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ շարունակվում են շփումները ԱԳՆ, ՊՆ, սահմանապահ ծառայությունների մակարդակներով: «Մենք խնդրի համալիր լուծումը տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, ապա արդեն դեմարկացիայի գործընթացների սկսմամբ: Իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,-նշել է Զախարովան:
Պատասխանելով առաջիկայում հնարավոր նոր փաստաթղթերի ստորագրման, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Ես դեռևս նման տեղեկություն չունեմ: Եկեք թողնենք այդ հարցը ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, մեզ հետ կկիսվեն դրանով»:
Անդրադառնալով տարածաշրջանում 3+3 ձևաչափը գործի դնելու մասին հայտարարություններին ու դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանն առնչվող հարցին՝ Զախարովան ասել է. «Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին՝ նման խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Այն անվանում են 3+3, խոսքը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների մասին է՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Իհարկե, մենք կարծում ենք՝ ժամանակն է այս պլանները գործնական հարթություն տեղափոխել: Բազմակողմ տարածաշրջանային համագործակցությունը բխում է այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա իրականացումը կմեծացնի վստահությունը միջպետական հարաբերություններում, հակասությունների կարգավորման գործում, կբացի տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժը: Ձևաչափը կարող է և պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների համար»: