Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանկության տարիներին, ինչու չէ, նաև այսօր մեզանից շատերի նպատակը եղել է «Սուպեր Մարիո»-ի բոլոր աշխարհներն անցնելը: Իհարկե, ոչ բոլորին է դա հաջողվել, բայց համոզված եմ՝ գոնե 3-րդ աշխարհը հասնողներ եղել են: Հենց այդ աշխարհում էլ գտնվում է «կանաչ լոբին», որի միջոցով Մարիոն բարձրանում էր վերև և «ուտում» մետաղադրամները:
Պարզվում է` սիրված և ճանաչված համակարգչային խաղի «կանաչ լոբին» այսօր հայտնվել է երևանյան որոշ երթուղայինների վրա: Նախքան դրան անդրադառնալը՝ մի առաջարկ: Հայտնի է, որ Երևանի ավագանու լիազորությունների մեջ է քաղաքի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների անվանումը և վերանվանումը: Քանի որ առջևում ավագանու ընտրություններ են, և այդ աթոռի համար պայքարող քաղաքական գործիչներն ամեն կերպ ձգտելու են ապացուցել, որ հենց իրենց է վիճակված Երևանը դարձնել ամենամաքուրը, ամենագեղեցիկը, ամենաշքեղը և ամենա նախածանցով` հնարավոր բոլոր մակդիրներով քաղաքը, առաջարկում եմ իրենց նախընտրական ծրագրերում ներառել Երևանի մի շարք փողոցների անվանափոխումների հարցը: Առաջարկից կարող են օգտվել ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր 7 կուսակցությունները՝ Երևանը հանձնել չցանկացող «ջոկատի» ներկայացուցիչներից մինչև ինտերնետային բլոգներից քաղաքական հարթակ տեղափոխված թեկնածուները:
Օրինակ՝ առաջարկում եմ Տիգրան Մեծի պողոտան վերանվանել՝ Տաշիր, Աբովյան փողոցը՝ Բժշկական, Սևանի փողոցը՝ Փեթակ... Անհեթեթություն է, չէ՞: Ավելին` սա կնշանակի անարգանք մեր մեծերի հիշատակին, ինչու չէ նաև մեր պատմական վայրերին, չէ՞ որ քաղաքի փողոցներն անվանակոչվել են նրանց անուններով, որպեսզի մարդիկ հիշեն, ապագա սերունդը հիշի...
Առակս ինչ կցուցանե... Էդ ո՞ր օրվանից Ծիծեռնակաբերդի խճուղին դարձավ Դալմա գարդեն մոլ: Հարց եմ տվել, ես էլ հարցիս կպատասխանեմ. այն օրվանից, հարգելինե'րս, երբ մեր քաղաքի երթուղային տաքսիների վրա հայտնվեց «Դալմա» անվանումը, նաեւ` երթուղու ցուցատախտակին, այն էլ, ո'չ ավելի, ո'չ պակաս, իր ողջ հմայքով, ասել է, թե` կանաչ լոբու ծիլերին նմանվող լոգոյով: Երբ միկրոավտոբուսների վրա նկատում ենք «Երևան city» սուպերմարկետի լոգոն, չենք զարմանում, քանի որ պարզից էլ պարզ է՝ գովազդ է:
Իսկ թե ինչո՞ւ պետք է «Դալմայի» լոգոն հայտնվի քաղաքի երթուղայիններին, նույնպես հասկանալի է: Նորաբաց զվարճա-առևտրային համալիր է, քաղաքի կենտրոնից հեռու, շատերին տեղի և վայրի մասին իրազեկելու լավագույն տարբերակ է: «Դալմայի» լոգոն իր ողջ հմայքով ցայտուն արտահայտված է նաև համալիրի առջև տեղակայված կանգառում: Սակայն կանգառի դիզայնին չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ:
Երևանի ներքաղաքային երթուղիների համարները և անունները հաստատվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Գործող օրենքով` նախատեսված է առանձին ցուցատախտակների վրա նշել երթուղու համարը, ուղեգծի սկզբնակետը և վերջնակետը, ինչպես նաև միջանկյալ կանգառները (հանրությանը առավել հայտնի փողոցների և վայրերի անվանումներով) եւ փակցնել փոխադրամիջոցների արտաքին տեսանելի հատվածներում։ Այս օրենքն այլ սահմանափակումներ չի նախատեսում։
Հիմա երևի մտածում եք` բայց էս լրագրողն ինչ վառված ա էս Դալմայից, էղածն ինչ ա, մի հատ կանաչ լոգո: Ո'չ, հարգելինե'րս, «Դալմա»-ում ոչ վատ են սպասարկել, ոչ էլ իրենց բրենդներն աչքիս փուշն են, պարզապես հավասարության սկզբունքի կողմնակից եմ և մի փոքր էլ` հեռատես: Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Orange fitness»-ն ինչո՞վ է «Դալմա»-ից պակաս... Կամ էլ լա՞վ կլինի, որ հանկարծ Սամվել Ալեքսանյանը նեղանա ու ասի. «Դե որ ըտենց ա, ուրեմն սրանից հետո երթուղայինների վրայից ձեր փողոցների անունները ջնջում եք ու գրում իմ «Երևան Սիթիների» անունները, մանավանդ` բոլորն էլ հայտնի փողոցների վրա են գտնվում»: Մեկ էլ կողքից գա ՍԱՍ-ի Արտակն ու ասի. «Հըլը մի րոպե՜, ի՞նչ Երվանդ Քոչար, ի՞նչ Աբովյան փողոց, փոխում եք` դարձնում «SAS մինի», «SAS մաքսի»: Ու էլ չասեմ` կողքից դեռ քանի-քանիսը կգա՜ն:
Աստեղ էլ ի հայտ է գալիս մանր և խոշոր բիզնես հակամարտությունը: Գալիս են 9-րդ մասիվի հացի խանութի, 14 կվարտալի կոշկակարանոցի տերերն, ու էսպես շարունակ: Էլ չեմ ասում, որ մի քիչ լավ մտածենք, հնարավոր է անհրաժեշտություն առաջանա փոխադրամիջոցների վրա գրել «Պլանի գլուխ», «աստիճանների մոտ», «մոստի տակ», «դալանի վրա» և այլն:
Իսկ երբ հարցի մյուս կողմն ես դիտարկում, լրիվ «կաշ-կալամաշ ա» դառնում: Իսկ ինչո՞ւ կարելի է գրել «Հրազդան» կամ «Փեթակ» տոնավաճառ, Կոմիտասի շուկա, Շամպայն կամ ստադիոն, իսկ Դալմա` ոչ: Հասկանալի է, որ նշված տեղանուններն ավելի պարզ են ցույց տալիս, թե տվյալ երթուղայինն ուր է գնում, և ուղևորները հեշտ են կողմորոշվում: Բայց այս կերպ էլ մոռացության են մատնվում մեր սրտի մայրաքաղաքի փողոցների անունները:
Ընդհանրապես, հաշվե՞լ եք «Դալմա»-ից օգտվողների (բացի աշխատանքային անձնակազմից) քանի՞ տոկոսն է երթուղայինով հասնում տեղ: Եթե հաշվեք, ապա կհամոզվեք, որ ձեր բրենդները երթուղայինից օգտվող շատ-շատերի «հագով» չեն:
Ինչևիցե, խնդիրն այնքան երթուղայինի ցուցատախտակի վրայի «Դալմա» անվանումը չէ, որքան դրա՝ գովազդային լինելու հանգամանքը: Հարգելի' «Դալմա մոլ», ձեր գովազդը տեղադրելու համար կարող եք օգտվել չինական ավտոբուսներից: Դրանց վրա հստակ գրված է՝ ձեր գովազդն` այստեղ: Շատ ընկերություններ արդեն օգտվում են այդ ծառայությունից: Տվյալ պարագայում, ճիշտ է, ձեր բոլոր 80 բրենդների գովազդներին տեղ չլինի, բայց լոգոյի ծիլերը հաստատ կտեղավորվեն, ավելին` «լոբին» կարող եք երկարացնել, «փաթաթել» ավտոբուսին, տակն էլ գրել` Ծիծեռնակաբերդի խճուղի էսինչ:
Ստորև ներկյացնում ենք մեր երթուղայինների պատկերը՝ խոշոր ձեռնարկատերերի` «Դե որ ըտենց ա» սկզբունքով առաջնորդվելու դեպքում: Հայցում ենք մյուսների ներողամտությունը: Մի մտածեք` 142 երթուղի ունենք, որ նեղ-նեղ տառերով գրենք, համարյա բոլորդ էլ կտեղավորվեք:
Լիանա Սեդրակյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: