Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին, բայց նախընտրական պայքարն արդեն սկսվել է, եւ ՀՀԿ-ն արդեն գործի է լծվել: Մի շարք ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. իշխող կուսակցությունը ձայներ հավաքելու նոր մեխանիզմներ է մշակում:
Նախընտրական պատրաստության մեջ են ոչ միայն Երեւանի ՀՀԿ-ականները, այլ նաեւ ՀՀ բոլոր մարզերի, ի դեպ` ոչ պակաս ջանասիրությամբ:
Yerkir.am-ի տեղեկություններով` այս փուլում մարզային վարչական լծակները դեռ մի ուղղություն են մշակել` հորդորում են, սպառնում, ճնշում տեղի բնակչությանը, որ նրանք երեւանցի իրենց բարեկամներին համոզեն, որ ձայն տան ՀՀԿ-ին:
Ուշագրավ է, որ, ինչպես խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ, հիմա էլ ամեն ինչ արվում է «կազմակերպված եւ հաշվարկված». մարզերի պատասխանատուները Երեւանում պոտենցիալ ձայներ ունեցողների ցուցակներ են կազմում եւ ներկայացնում տեղի ղեկավարությանը, վերջիններս էլ դրանք բերում են Երեւան եւ հաշվարկներ անում:
ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտարարում են, որ շուտով կանցնեն «օպերացիայի» երկրորդ փուլին` կսկսեն մարզերի բնակիչներին գրանցել Երեւանում: Նշենք, որ դրա փորձը հատկապես ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ունի: Անգամ ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվել էր նրա աներորդին` Ռոբերտ Սարգսյանը, քաղաքապետը մեծ ջանասիրությամբ Թալինից եւ այլ բնակավայրերից բարեկամներ էր բերում եւ գրանցում Ավանում:
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար հավաքներ են կազմակերպվում մարզերի գրեթե բոլոր պետական հիմնարկներում, ջրի, գազի վարչություններում: Մարզերում իրականացվող այս համատարած աշխատանքների վերաբերյալ վերջին թարմ տեղեկատվությունը, որ ստացել ենք, եղել է «Լոռի ջրմուղ-կոյուղի» ընկերությունից, որի աշխատակիցներին հրահանգվել է հավաքել Երեւանում գրանցում ունեցող բոլոր ծանոթ-բարեկամների տվյալները եւ փոխանցել ղեկավարությանը: