|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մարտի 21-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող` իր 42 հոգանոց համամասնական ցուցակը, որը գլխավորում է Վահագն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ վերջինս 1992-96թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, և ցուցակում նրա` առաջին համարը լինելու հանգամանքը, թերևս, պայմանավորված է հենց դրանով:
Երկրորդը «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, երրորդը` ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Ցուցակում հիմնականում ընդգրկված են երիտասարդ ակտիվիստներ, և բոլորն էլ ներկայացնում են բացառապես տերպետրոսյանական-լևոնզուրաբյանական թևը: Սա, ըստ էության, կարելի է համարել ապագա ՀԱԿ կուսակցության ակտիվը, ինչը նշանակում է, որ նոր ստեղծվող կուսակցությունն իր հրապարակային գործունեության մեկնարկը տալիս է հենց Երևանի ավագանու ընտրություններով: Առայժմ, սակայն, դե յուրե նման կուսակցություն, գոյություն չունի, նման անունով քաղաքական միավոր դեռևս պետական գրանցում չի ստացել, հետևաբար` ստացվում է, որ այս ցուցակը ներկայացվում է դեռևս 2008թ. ընդունված հռչակագրի հիման վրա ստեղծված, բայց փաստացի գոյություն չունեցող Հայ ազգային կոնգրես դաշինքի անունից: Սա նշանակում է, որ մոտ մեկ տասնյակի հասնող կուսակցությունների թողտվությամբ կամ անտարբերությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ներկայացնում են ընտրություններին մասնակցող մի ցուցակ, որն օգտագործելու է ՀԱԿ-ի, այսպես կոչված, «բրենդը», հանդես է գալու քաղաքական այն կապիտալով, որը կուտակվել ու ձեռք է բերվել հենց դաշինքի, այսինքն` դրանում ընդգրկված մեծ ու փոքր կուսակցությունների համատեղ գործունեության շնորհիվ:
ՀԱԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը իսկապես ունիկալ է: Մի կողմից դրանում ընդգրկված ուժերը դուրս չեն գալիս միավորումից կամ հանդես չեն գալիս այն լուծարելու նախաձեռնությամբ, բայց մյուս կողմից` այլևս, կարծես, մասնակցություն չունենալով դրա հետ կապված որևէ գործընթացի, թույլ են տալիս, որ Տեր-Պետրոսյանն իր թիմով այն օգտագործի ՀՀՇ-ի փաստացի ռեինկարնացիան ապահովելու համար: Փետրվարի 22-ին կայացած` ՀՀՇ վերջին համագումարում առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն արձանագրեց, որ Հայ ազգային կոնգրեսը, որպես դաշինք, այլև գոյություն չունի, և որ դրա քայքայման գործընթացն սկսվել էր դեռ մեկ տարի առաջ: Այդ համագումարին նաև որոշվեց ՀՀՇ-ն անվանափոխել ՀԱԿ-ի` մի կողմից կուսակցությանը նոր ավյուն հաղորդելու, մյուս կողմից` ՀԱԿ-ի իրավահաջորդի կարգավիճակը ձեռք բերելու նպատակով:
Այլ կերպ ասած` իրականում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացրել է վերափոխված ՀՀՇ-ն: Եվ դա փոխում է իրերի դրությունը: Խնդիրն այն է, որ նախքան ցուցակի ներկայացումը, ՀԱԿ-ը կամ այն, ինչ ներկայանում է դրա անվան ներքո, ակտիվորեն ներգրավված էր ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելուն ուղղված` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ բանակցություններում: Եվ ստացվում է, որ վերջիններս, կամա թե ակամա, բանակցում էին փաստացի ՀՀՇ-ի հետ: Մի կուսակցության, որը մինչև ՀԱԿ-ի քաղաքական կապիտալն իրենով անելը, որպես կազմակերպություն` գտնվում էր գրեթե մարգինալ վիճակում և առավելագույն շրջանակը, որտեղ կարողանում էր ինքնադրսևորվել ու եղանակ ստեղծել, Կոնգրեսն էր: Այսինքն` կամա թե ակամա, երեք կուսակցությունները, մտնելով դրա հետ բանակցությունների մեջ, ոչ միայն սկսել են արժևորել ՀՀՇ-ին` իբրև ազդեցիկ ուժ, այն պարագայում, երբ առանձին վերցրած այդ կազմակերպությունը ոչ մի հեղինակություն ու վարկանիշ չուներ, այլև համատեղ ուժերով բերում են ակտիվ քաղաքական միջավայր և նրա համար ինքնահաստատման տարածք ազատում: Բացի դրանից, խիստ անորոշ է դառնում ԱԺ ՀԱԿ խմբակցության կարգավիճակը. ո՞ւմ է այն ներկայացնելու, ո՞րն է նրա քաղաքական հենարանը և սկզբնաղբյուրը:
Եթե, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանի և Լևոն Զուրաբյանի պարագայում ամեն ինչ հասկանալի է, որովհետև նրանք ի սկզբանե ՀԱԿ-ը կուսակցության վերածելու նախաձեռնող խմբի մեջ էին, ապա առնվազն տարակուսելի է Նիկոլ Փաշինյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի կարգավիճակը, որոնք չեն շտապում ստեղծված իրավիճակի կապակցությամբ որևէ հայտարարություն անել, որևէ քայլ ձեռնարկել, ի վերջո, պարզություն մտցնել ստեղծված չափազանց անորոշ ու անհասկանալի իրավիճակում իրենց կողմնորոշման հարցում: Այնպես է ստացվում, որ եթե նրանք խմբացկությունից դուրս չգան, ուզեն թե չուզեն, ներկայացնելու են նորացված ՀՀՇ-ի քաղաքական հետաքրքրությունները: Հետևաբար` թե' նախկին ու ներկա կոնգրեսականները, թե' քաղաքական ուժերը և թե' հասարակությունը ստիպված են ըմբռնել` ի վերջո, ո՞ր ՀԱԿ-ի հետ գործ ունեն, և ընդհանրապես` այլևս ինչ ասել է Հայ ազգային կոնգրես:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ