կարևոր
4720 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 14:15
Քաղաքական

Ի վերջո, քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ․ Արմենուհի Կյուրեղյան

Ի վերջո, քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ․ Արմենուհի Կյուրեղյան

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում ասվում է. «ՀՀ ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից»: Եվ այս համատեքստում անձի առողջության պահպանումը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, իսկ բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով ապահովելը՝ այդ բաղադրիչի իրականացման էական գործոն:

Օրեր առաջ ԱԺ-ի կողմից ընդունված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և օրենքների համապատասխան փաթեթի փոփոխություններով առաջարկվում է մեծացնել տուգանքի գործող չափերը անօրինական ներկրված և կեղծ դեղերի շրջանառության դեպքում:

Ամենևին չհերքելով անօրինական ներկրված և կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ես ուզում եմ առանձնացնել կեղծ դեղերի և չգրանցղված դեղերի դեմ պայքարի ուղություններն ու մեթոդները:

Այն, որ կեղծ դեղերի շրջանառութունը պետք է հանդիպի ամենալուրջ պայքարի, դա անհերքելի է:

Բայց միգուցե նախ փորձենք հասկանալ, թե որոնք են այն պատճառները, որոնք նպաստում են չգրանցված դեղերի մուտքը երկիր:

Հայաստանում ունենք մոտ 3500 գրանցված դեղ, եթե հաշվի առնենք միևնույւն նշանակության, իրար փոխարինող դեղերի առկայությունն այդ ցանկում, ապա այդ թիվն ավելի կփոքրանա: Մեր հարևան Վրաստանում կարծեմ գրանցված է մոտ 7500 դեղ, ՌԴ-ում՝ 14000-ի կարգի, աշխարհում շատ ավելի շատ: Հիմա հարց, այդքան չգրանցված, բայց աշխարհում գոյություն ունեցող և կիրառվող դեղերը պետք ե՞ն մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, թե ոչ: Անհրաժեշտություն կա՞ ընդլայնելու այդ ցանկը: Պատասխանը միանշանակորեն այո է: Չի կարող տուգանքների չափը մեծացնելով խոսել քաղաքացիներին անհրաժեշտ դեղորայքով ապահովման հասանելիության մասին: Պետք է դուրս գալ տուգանքների ավելացման միջոցով հարցերի լուծումը կազմակերպելու փիլիսոփայությունից, հատկապես եթե հիշենք, որ հենց օրվա իչշխանությունների ղեկավարն էր բարձրաձայնում, թե քաղաքացին տուգանքի
մատերիալ չէ:

Իսկ ի՞նչ անի այն բժիշկը, որը ժամանակային և ֆինանսական մեծ ռեսուրսներ ծախսելով՝ գնացել է արտերկիր, մասնագիտական վերապատրաստման և հետ է վերադարձել հիվանդությունների բուժման նոր մեթոդիկայի, նոր դեղորայքային ցանկի օգտագործման գիտելիքների ու փորձառության պաշարով: Արգելե՞նք նրան այդ դեղերն օգտագործելու, թե՞ մի բան էլ ավելին, տուգանենք, որ հիվանդին կնշանակի չգրանցված դեղեր: Բա ինչպես ենք փորձում հասնել Եվրոպային, աշխարհին՝ տուգանելո՞վ:

Չգրանցված դեղերի ներկրման մակարդակը իջեցնելու երկու ճանպարհ կա.

- Կամ մեծացնել տուգանքները և այդ դեղերի ապօրինի ներկրումը դարձնել խիստ վտանգավոր և ոչ նախընտրելի: Չմոռանանք, որ դա մյուս կողմից էլ կդժվարացնի բուժման համար անհրաժեշտ դեղերի հասանելիության գործընթացը, ինչպես նաև կխթանի դեղերի ստվերային ներկրումը, հատկապես դեղերի տեղափոխման ոչ պատշաճ պայմաններով,

- Կամ փորձել մեծացնել գրանցված դեղերի քանակը, ընդլայնել այդ ցանկը՝ աշխարհում գոյություն ունեցող տարբեր մեխանիզմներ կիրառելով: Ինչու՞ չկիրառել ԵԱՏմ տարածքում գրանցված դեղերի ավտոմատ գրանցման հնարավորությունը:

Ինչո՞ւ չփորձել ասենք Վրաստանում, ՌԴ-ում ԵՄ տարածքում գրանցված դեղերի ներմուծման հեշտ մեխանիզմներ կիրառել, որպեսզի դեղագործական ընկերությունները հայաստանյան փոքր շուկայի պատճառով չխուսափեն այդ դեղերի ներկրումից և դրանով պայքարել դեղերի ստվերային ներկրման դեմ:

Առաջարկում եմ չգրանցված դեղերի ներկրման դեմ պայքարի հայեցակարգային մոտեցման փոփոխություն. Կիրառել ոչ միայն, և ոչ այնքան պատժամիջոցների, տուգանքների մեխանիզմ, որքան գրանցված դեղերի ցանկի ընդլայման և ներկրումների հնարավորություների ընդլայնման մեխանիզմներ:

Ի վերջո, քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ:

 

 

Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր