Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ ՀԱԿ կուսակցությունը դեռ չի ձեւավորվել, բայց ՀԱԿ-ն ակտիվորեն պատրաստում է Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Թե ով է գլխավորելու ցուցակը, Զուրաբյանը հրաժարվեց ասել` չնայած մի քանի օր է մնացել ցուցակները ԿԸՀ ներկայացնելուն:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը կարեւոր է համարում ուժերի համախմբումը ավագանու այս ընտրություններում: Նա հիշեցրեց ՀԱԿ-ի երեք կետերը` չեն քննադատելու ընդդիմադիր ուժերին, պետք է միասնաբար պայքարեն ընտրակեղծարարության դեմ, նախապես պայմանավորվում ու ավագանու կազմում լինելու ժամանակ ընդդիմադիր ուժերով կոալիցիա են կազմում՝ քաղաքապետի պաշտոնի համար:
«Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, եւ շատ արդյունավետ քայլ կլինի, եթե բռնապետությունից խլենք քաղաքապետարանը»,-հայտարարեց Զուրաբյանը:
Yerkir.am-ի հարցին, թե` բացառո՞ւմ է, որ ՀԱԿ-ն առհասարակ կարող է չհաղթահարել անցողիկ շեմը, Զուրաբյանը պատասխանեց. «Այսօր ՀԱԿ-ն ամենահզոր քաղաքական ուժն է, եթե խոսքը գնում է զուտ մարդկային եւ գաղափարական ռեսուրսների մասին: Ես վստահ եմ, որ ցանկացած ընտրություններում ՀԱԿ-ը կստանար հաղթանակ՝ լինի նախագահական ընտրություններ, խորհրդարանական, թե Երեւանի ավագանու»:
Մեր դիտարկմանն ի պատասխան, որ խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ-ի՝ ամնահզոր ուժ լինելը ցույց չտվեցին, նա նշեց, որ ինքը խոսում է օրինական ընտրությունների մասին, իսկ խորհրդարանական ընտրություններն այդպիսին չէին: Հարցին էլ, թե` ի՞նչն է հույս ներշնչում, որ ավագանու ընտրությունները կլինեն օրինական, Զուրաբյանը պատասխանեց, որ այս ընտրությունները եւս չեն լինի ազատ, արդար ու թափանցիկ, քանի որ երկրում ունենք «կեղծարար բռնապետություն»: Այդ պատճառով էլ պետք է համախմբվել:
«Ես ռեալ եմ համարում, որ մենք կարող ենք Սերժ Սարգսյանից խլել քաղաքապետարանը, եթե բոլոր քաղաքական ուժերը միավորվեն»,- հայտարարեց նա եւ բացառեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը չի հաղթահարի անցողիկ շեմը:
Մեր խնդրանքով Զուրաբյանն անդրադարձավ նաեւ «Գելափի» տվյալներին, համաձայն որոնց` երեւանցիների 60 տոկոսը չի ցանկանում Երեւանի քաղաքապետի փոփոխություն, եւ դա որակեց որպես խեղկատակություն: