կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 18:25
Առանց Կատեգորիա

Զիջո՞ւմ, թե՞ նոր առաջարկ` Սերժ Սարգսյանից. ի՞նչ կպատասխանի Ծառուկյանը հոկտեմբերի 24-ին

Զիջո՞ւմ, թե՞ նոր առաջարկ` Սերժ Սարգսյանից. ի՞նչ կպատասխանի Ծառուկյանը հոկտեմբերի 24-ին


Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին նախագահի աշխատակազմին է տրամադրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Անդրադառնալով դրա հետագա ընթացքին` նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը նախորդ շաբաթավերջին տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը լուծելու է հայեցակարգն ընդունելու կամ մերժելու հարցը, որի համար որոշակի ժամկետներ նախատեսված չեն:

 

«…Նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի, հայեցակարգի վերաբերյալ ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում»,-՚ ավելացրել է Սաղաթելյանը:

 

Նրա այս պարզաբանումները ոչ իշխանական եռյակի ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգություն» կուսակցությունը և ԲՀԿ-ն, ընկալեցին իբրև նախագահի կողմից սահմանադրական փոփոխություններով սեփական իշխանությունը վերարտադրելու պլանների հետաձգում, որը որակեցին իբրև ակնհայտ նահանջ, ինչին նա գնաց հարկադրաբար՝ տուրք տալով իրենց կողմից գործադրվող միասնական ուժեղ ճնշմանը և իշխանափոխության պահանջին: Եվ չնայած այս համընդհանուր «ֆուրորային տրամադրություններին», հաղթական հայտարարություններին, իրականում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Նախագահը պարզապես սկսել է հունցել մի խմոր, որը դեռ շատ ջուր է տանելու և շատ հավանական է՝ հենց եռյակի «աղբյուրից» ու նրա հաշվին:

 

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսելու առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանը երբեք կոնկրետ ժամկետներով չի խոսել: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման մասին 2013թ. սեպտեմբերի 3-ի նրա հրամանագրի 4-րդ կետի երկրորդ ենթակեետում նշվում է. «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, ՀՀ նախագահին ներկայացնել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը»:

 

Այստեղ ընդհանրապես որևէ խոսք չկա այն մասին, թե հայեցակարգը ներկայացնելուց հետո ինչ ժամանակահատվածում է նախագահը հավանություն տալու կամ մերժելու այն: Եվ դա ինքնանպատակ չէ: Նախագահն իր համար այդ հարցը որոշելու ազատ ռեժիմ է սահմանել տակտիկական նկատառումներով՝ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները, հնարավոր խնդիրները հաշվի առնելու համար, շատ լավ հասկանալով, թե իր այդ նախաձեռնությունն ինչպիսի ռեզոնանս է առաջացնելու և ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ:

 

Որպեսզի հիմնավորվի, որ նախագահն իսկապես ժամկետներ է հետաձգել, նահանջել և նման բաներ, նախ պետք էր ասել, թե ինչի՞ համեմատ է հետաձգել, այդ ո՞ր նախնական ժամկետի խախտմանն է նախագահը գնացել, կամ առնվազն նշել, թե նախագահը մոտավորապես ե՞րբ էր պլանավորել արտահայտել իր դիրքորոշումը հայեցակարգի մասին, որը տեղի չի ունենա մինչև փետրվար-մարտ ամիսը նոր ժամկետ նշելու պատճառով: Այս իմաստով պնդումները ինչ-որ նահանջի մասին ավելի շատ հիշեցնում են հողմաղացների դեմ պայքարում տարած հերոսական հաղթանակներ, որոնց արդյունքը տեսնում են բացառապես դրա մասին թմբկահարողները:

 

Մյուս կողմից՝ պաշտոնապես երբեք չի հերքվել նախագահի կողմից այդ հայեցակարգը մերժելու հնարավորությունը: Դրա մասին խոսել է ոչ միայն նախագահը, այլև ընդամենը վերջերս սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առնվազն երկու անդամ՝ Գևորգ Դանիելյանը և Գագիկ Ղազինյանը:

 

Եվ դա ևս ինքնանպատակ չէ: Որևէ մեկը չի կարող բացառել, որ նախագահն իսկապես այս նախաձեռնությունն սկսել է ավելի շատ նոր կարգավիճակով՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելով, իր իշխանությունը վերարտադրելու նպատակ հետապնդելով՝ հիմնվելով գործող ընտրական համակարգի կամ, ավելի ճիշտ, դրա գործնականում բացակայության վրա: Բայց սա մաքսիմալիստական նպատակ է, որի այլընտրանքը կարող է լինել բացառապես իշխանությունը նույն ընտրական համակարգի չգոյության հիման վրա սահուն իր կամ իշխանության ժառանգորդին հանձնելը, այսինքն` նվազագույն կորուստներով խաղն ավարտին հասցնելը:

 

Ընդ որում՝ այստեղ կարևորը ոչ թե այն է՝ այդ ժառանգորդը կլինի Գագիկ Ծառուկյա՞նը, Հովիկ Աբրահամյա՞նը, թե՞ որևէ այլ մեկը: Կարևորն այն է, որ դա լինի ոչ միայն իշխանական համակարգի համար ընդունելի, այլև դրա կենսունակությունն ու ամբողջականությունը երաշխավորող մեկը: Սա, իհարկե, ևս իշխանափոխություն է, բայց ոչ թե հանրային պահանջներից, այլ ընդամենը իշխող էլիտայի, նոմենկլատուրայի, մեր դեպքում նաև՝ իշխանության մասը կազմող քրեաօլիգարխիայի ցանկություններից բխող:

 

Այս մարտավարությունն ընտրելու տրամաբանությունը շատ պարզ է և բխում է արդյունավետ բանակցություններ վարելու ամենատարրական կանոնից` ցանկալի արդյունքն արձանագրելու համար նախ պետք է դնել մաքսիմալիստական նպատակներ՝ հետագա բանակցություններում աստիճանաբար զիջումների գնալու միտումով: Այս մարտավարության ինտրիգն այն է, որ չնայած իշխանությունը ստանում է իր արդյունքը, բայց դիմացինը դա ընդունում է որպես օպոնենտից էական զիջումների կորզում, ինչ-որ իմաստով հաղթանակ նրա նկատմամբ:

 

Բայց այն, ինչ անում է Սերժ Սարգսյանը, կապված դիրքորոշում հայտնելու համար 2015թ. փետրվար-մարտ ամիսները որպես վերջնաժամկետ ամրագրելու հետ, իրականում բխում է ԲՀԿ-ի շահերից: Եթե եռյակն իսկապես համոզված է, որ Սաղաթելյանի այդ հայտարարությունը նախագահի կողմից հարկադրաբար զիջումների գնալու դրսևորում է, և որ դա իր հանգրվանային հաղթանակն է, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ տեղ բավարարում է եռյակի ակնկալիքը, որը հոկտեմբերի 10-ին հստակ ձևակերպեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»:

 

Նախագահը, փաստորեն, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար վեցամսյա ռեժիմ սահմանելով և, ինչպես իրենք են հասկացել, «զիջման գնալով», կատարում է այդ «երկխոսության և փոխզիջումային լուծումների ողջամիտ առաջարկը»,  այն է` ցուցադրել սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու որոշումը կայացնելու հնարավորությունը: Եվ հիմա եռյակը պետք է որոշի՝ ընդունե՞լ դա որպես իշխանությունների հետ երկխոսություն սկսելու հիմք, թե՞ ոչ:

 

Այստեղ որոշողը, սակայն, լինելու է Գագիկ Ծառուկյանը և ոչ երբեք` Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումներն իրականում ԲՀԿ-ին կանգնեցրել երկընտրանքի առաջ` գնալ Սերժ Սարգսյանի՞ առաջարկած հնարավոր իշխանափոխության ճանապարհով, թե՞ Տեր-Պետրոսյանի: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը գուցե տա այդ հարցի պատասխանը: Բայց գուցե նաև չտա՝ հերթական «հաջորդ դասի» տրամաբանությամբ…

 

Գևորգ Աղաբաբյան