Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը խիստ կասկածներ ունի, որ որեւէ կուսակցություն Ռոբերտ Քոչարյանին կառաջադրվի իբրեւ նախագահի թեկնածու, եթե, իհարկե, կոալիցիոն հուշագրի պահանջները մինչ այդ պահպանվեն:
Նախ նա տեղեկացրեց, որ հանրապետության նախագահի թեկնածությունը, ըստ Ընտրական օրենսգրքի, առաջադրելու իրավունք ունեն միայն կուսակցությունները, եւ, որպեսզի նախկին նախագահը կամ մեկ ուրիշն առաջադրվի նախագահի թեկնածու, անհրաժեշտ է, որ որեւէ կուսակցություն նրան առաջադրի, իսկ այդպիսի կուսակցություն, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, չկա:
«Կոալիցիոն հուշագիր կա, որով ե'ւ ՀՀԿ-ն, ե'ւ ԲՀԿ-ն, ե'ւ ՕԵԿ-ը, միասնական թեկնածու են առաջադրել: Մնացած կուսակցություններն էլ այդքան ուժեղ չեն, որ կարողանան նախագահի թեկնածու առաջադրեն եւ անցկացնեն: Հետեւաբար, չեմ կարծում, որ որեւէ մեկը` այդ թվում եւ Քոչարյանը, կարողանա վերադառնալ որպես նախագահի թեկնածու»,- նկատեց Պետրոսյանը:
Նա տարակուսանք հայտնեց շրջանառվող լուրերի առնչությամբ` իբր Դաշնակցությունը պատրաստվում է սատարել Քոչարյանին:
«Ճիշտ է, Դաշնակցությունը ընդդիմություն է, բայց կուսակցությունում խելացի մարդիկ կան, ովքեր լավ վերլուծել ու հաշվարկել գիտեն, ու պետք է հասկանան` եթե ներկայացնեն Քոչարյանի թեկնածությունը, կարո՞ղ են Հանրապետական կուսակցության, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի չափ ձայն հավաքել, որ թեկնածուին անցկացնեն: Կարծում եմ, որ ոչ»,- համոզմունք հայտնեց հանրապետական գործիչը` հավելելով, որ եթե հուշագիրը պահպանի իր ուժը, ապա Դաշնակցությունը թեկնածու չի առաջադրի: