Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վլադիմիր Պուտինը մի քանի ժամ ընդմիջումով այս շաբաթ Մոսկվայում ընդունեց Հայաստանի եւ Աբխազիայի ղեկավարներին, եւ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի տարբեր լինելով հանդերձ` դրանք կարելի է համարել դաշնակիցների ստուգատես` հնարավոր խառը ժամանակաշրջանի նախաշեմին. գրում է ИТАР-ТАСС-ի վերլուծաբան Իվան Սուխովը:
Ըստ նրա` այսօրվա դրությամբ Հարավային Կովկասի երեք երկրներ` Հայաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան, լոյալ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ: Վրաստանը դեռեւս չի կարողանում արմատական փոփոխություն կատարել իր արտաքին քաղաքականություն մեջ, ընդառաջ գնալ Ռուսաստանին, իսկ Ադրբեջանի հետ ռուսաստանյան հարաբերությունների հեռանկարը, չնայած երկու երկրների քաղաքական գործիչների եւ դիվանագետների բարեկամական հռետորության, ընդհանուր առմամբ չի ձեւավորվել, քանի որ Վրաստանի հետ այդ երկիրն ավելի սերտ կապեր ունի:
Սուխովը գրում է, որ եթե Անդրկովկասի ուրվագծային քարտեզը ներկվեր` Ռուսաստանի ազդեցության մակարդակը գույնով նշելու առաջադրանքով, ապա Վրաստանը եւ Ադրբեջանը զգալիորեն կտարբերվեին երանգներով Հայաստանից, Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:
«Երեք հենարան, այդ թվում` ռազմակայանների տեսքով, կայուն խարսխային դիրք: Սակայն զարգացման համար (իսկ առանց դրա կայունությունը չի կարող երաշխավորվել) անհրաժեշտ են ենթակառուցվածքային կապեր: Այսօրվա դրությամբ դրանք չկան: Մինչդեռ դրանք կարելի է վերականգնել երկաթուղու միջոցով, որը մինչեւ վրաց-աբխազական հակամարտությունը միացնում էր ռուսաստանյան Սոչին Սուխումի եւ Երեւանի հետ` Արեւմտյան Վրաստանի տարածքով»,- գրում է վերլուծաբանը եւ հավելում, որ, սակայն, այդ թեմայի հրապարակային քննարկումը կտրուկ դիմադրության է հանդիպում Վրաստանի որոշ շրջանակներում եւ Ադրբեջանում, քանի որ այդ ճանապարհը կապաշրջափակեր Հայաստանը, որն ամբողջությամբ դուրս է մնացել ենթակառուցվածքային սխեմաներից, որոնք Հարավային Կովկասում նախատեսել են Բաքուն, Թբիլիսին եւ Անկարան:
«Ինքնաբերաբար դա կնշանակեր Հայաստանի դիրքերի ամրապնդում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ոչ պարզ հարաբերություններում: Ռուսաստանը, իր հերթին, ակնթարթորեն կվերադարձներ տնտեսական, քաղաքական, նաեւ ռազմական ազդեցությունը տարածաշրջանում, որը զգալիորեն կրճատվել է 1991 թվականից»,- նշում է Սուխովը:
Ըստ նրա` երկաթուղու հարցում Հայաստանի եւ Աբխազիայի հետաքրքրությունը տարբեր է: Հայաստանի համար դա նոր տնտեսական հնարավորություններ են, սկզբունքորեն նոր կարգավիճակ ԼՂ հարցը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները քննարկելիս: Աբխազիայի համար դա նվազագույնը տնտեսական մրցակցության աճ է` երկաթուղով Ռուսաստան կարտահանվեն ոչ միայն աբխազական մանդարինները, այլեւ գյուղմթերք Հայաստանից եւ Արեւմտյան Վրաստանից: Բացի դրանից` ժամանակին հենց երկաթուղով Աբխազիա եկավ պատերազմը:
Սուխովը նշում է, որ նախագահ Անկվաբը դիվանագիտորեն է մոտենում հարցին` նախագիծը ձեռնտու է Հայաստանին, սակայն դեռ կոնկրետ առաջարկներ չկան, երբ դրանք լինեն, հարկավոր է քննարկել Աբխազիայի ժողովրդի հետ:
Թեեւ պաշտոնական տեղեկատվության մեջ չէր նշվում, որ Անկվաբի եւ Սարգսյանի` Մոսկվա այցի ժամանակ քննարկվել է երկաթուղու վերագործարկման հարցը, սակայն Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անմիջապես մեկնաբանեց թեման` ճանապարհը վերագործարկելու քաղաքական կամք կա, սակայն պետք չէ շտապել, հարկավոր է պարզել` արդյո՞ք դա վնաս չի հասցնի Վրաստանի քաղաքական շահերին:
«Դեռեւս չբարձրաձայնված հարցը իրականում հնչում է այսպես` կա'մ ճանապարհը վերականգնվում է, կա'մ Ռուսաստանը շարունակում է կորցնել դիրքերը Հարավային Կովկասում: Ի դեպ, նույնիսկ եթե հեռանանք երկաթուղային թեմայից, Մոսկվայի ցանկությունը` ճշտել ժամացույցների աշխատանքը անդրկովկասյան դաշնակիցների հետ, տեղին է ու ժամանակին: Արդեն ապրիլին նոր քաղաքական ռիսկեր ի հայտ կգան Վրաստանում, որտեղ ազգայնականները ստիպված կլինեն պայքարել նախարարների կաբինետը եւ խորհրդարանը լուծարելու գայթակղության դեմ: Իսկ ամռանը Ադրբեջանը կմտնի նախագահական ընտրությունների փուլ, որը խոստանում է լինել նույնքան աղմկահարույց եւ կոշտ, որքան նախորդները»,- գրում է ռուս վերլուծաբանը: