կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 20:08
Քաղաքական

Քաղաքական գործընթացի գագաթնակետը ապրիլի 9-ն է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական գործընթացի գագաթնակետը ապրիլի 9-ն է. Նիկոլ Փաշինյան

Հացադուլ հայտարարելու քայլով Րաֆֆի Հովհաննիսյանն ուղերձ է հղում Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հանրությանը, որ պաշտպանելու է 2013 թվականի ընտրությունների ժամանակ ժողովրդի քվեարկությունը. Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ կոմպրոմիս չի լինելու անարդարության, կեղծարարության եւ այլնի դեմ, բայց դա էլ, իր հերթին, չի նշանակում, թե կոմպրոմիս ընդհանրապես չի լինելու:

 

«Կոմպրոմիս պետք է լինի մեկ քայլի շուրջ, այն է` իշխանությունը պետք է հանձնվի հանգիստ, առանց արյան, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ստանձնի ՀՀ նախագահի լիազորությունները: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, միջազգայն հանրությունը, բոլորը պետք է հասկանան` ժողովուրդը նահանջելու, պարտվելու տեղ չունի: Նրանք պետք է հստակ գիտակցեն` ժողովուրդը չի գրոհելու, ջարդուփշուր չի անելու, չի քանդելու, բայց ավելին է անելու` չի նահանջելու: Նրանք կարող են հստակ գիտակցել` իրենք կարող են գրոհել, հարձակվել, բայց ժողովուրդը չի պատասխանելու դրանց, այլ անելու է ավելին` չի նահանջելու: Որովհետեւ սա այն ժողովուրդն է, որ անկախություն է կերտել, որ Արցախյան հերոսամարտում հաղթել է: Մեր ժողովուրդը չի նահանջել եւ 2013 թվականի փետրվարին հաղթանակել է …»,- ասաց Փաշինյանը:

 

Նա հավելեց, որ շարժումն ունի կարեւոր ու գործնական խնդիրներ` նոր իշխանության, նոր կառավարության ձեւավորման խնդիրները, ու նշեց, որ այդ խնդրի գործնական լուծումը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորությունն է: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն իսկ ակնհայտ է՝ ընթացիկ քաղաքական գործընթացը գագաթնակետին է հասնելու ապրիլի 9-ին. այդ օրը ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է ստանձնի նախագահի պաշտոնը:

 

«Մենք՝ որպես ժողովուրդ եւ որպես շարժում, մեկ խնդիր ունենք լուծելու` երկիրը դուրս քաշել Սերժ Սարգսյանի տակից, որպեսզի նա չունենա երկիրը, քաղաքներ ու գյուղերը, իշխելու համար`ժողովուրդ: Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է լցնել Հայաստանի ամենամեծ դահլիճը՝ ցույց տալու համար, որ ինքն ընտրված նախագահն է: Նույն օրը ՀՀ ժողովուրդը պետք է իրենով լցնի Հայաստանի ամենամեծ` Հանրապետության հրապարակը, ցույց տալու համար, որ իր ընտրած նախագահը Սերժ Սարգսյանը չէ, որպեսզի ցույց տա, որ Սերժ Սարգսյանը չունի Հայաստան, այլ միայն մի դահլիլճ, որի կեսը իր կուսակիցներն են: Մեր հարյուր հազարավոր ներկայությամբ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը պետք է երեւա մի խղճուկ հրաժեշտի միջոցառում»,- կոչով ժողովրդին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ասաց, որ այդ օրը բոլորը պետք է հավաքվեն Հանրապետության հրապարակում` Սերժ Սարգսյանին Հայաստանից զրկելու համար, հորդորեց հանրահավաքին մասնակցել ընտանիքներով` երեխաների հետ` ուրախ, զվարթ, որովհետեւ, հավաստիացրեց հռետորը, չի լինելու ոչ մի բախում, քաշքշոց, այլ տոն է լինելու` մեծ ապագայի տոն, եւ այդ օրը հայ ժողովուրդը պետք է աշխարհին ցույց տա, թե ում չի ընտրել եւ ում է ընտրել որպես ՀՀ նախագահ:

 

Վերջում Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ի հանրահավաքին մասնակցելու հրապարակային հրավեր-կոչ հղեց նաեւ Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին եւ այլ սփյուռքահայ երեւելի ներկայացուցիչների: