կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 16:41
Աշխարհ

Լեհաստանը և Շվեդիան ԵՄ միակ երկրներն են, որոնք դեռ չեն հաղթահարել COVID-19-ի գագաթնակետը

Լեհաստանը և Շվեդիան ԵՄ միակ երկրներն են, որոնք դեռ չեն հաղթահարել COVID-19-ի գագաթնակետը

Եվրամիության անդամ պետություններից Շվեդիան ու Լեհաստանը միակն են, որոնք դեռևս չեն հաղթահարել COVID-19-ի գագաթնակետը։ Այս մասին Euronews-ին հայտնել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնից (ՀԿՎԵԿ)։

ԵՄ առողջապահական գործակալությունը նշել է, որ արգելափակման միջոցառումները ԵՄ ամբողջ տարածքում՝ ներառյալ նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան, հանգեցրել են վարակի 14-օրյա դեպքերի 80% անկման՝ ապրիլի 9-ին արձանագրված վարակի գագաթնակետից ի վեր: Սակայն, Լեհաստանում և Շվեդիայում 14-օրյա դեպքերի ցուցանիշները շարունակում են աճել։ Հունիսի 11-ի դրությամբ Շվեդիայի առողջապահական մարմինները գրանցել են հիվանդության հաստատված 48 228 դեպք, ինչպես նաև 4 814 մահացության դեպք։ Երկրի վարակակիրների գրեթե երկու երրորդը կազմող 29 811 դեպքերի մասին հաղորդվել է ապրիլի 23-ից հետո, ինչը կազմում է նույն ժամանակվանից ի վեր 31 երկրներում նկատվող դեպքերի ընդհանուր թվի 6% -ը:        

Լեհաստանը հաղորդել է 28 201 հաստատված դեպքի մասին․ միայն անցած հանգստյան օրերին գրանցվել է ավելի քան 1150 դեպք, որոնց առնվազն կեսը հայտնաբերվել է ածխի հանքում աշխատողների շրջանում: Վարշավան, որը հետաձգել է նախագահական ընտրությունները համավարակի պատճառով, մայիսի կեսերին սկսել է մեղմացնել արգելափակումները․ արդյունքում վերաբացվել են ձեռնարկությունների մեծ մասը՝ ներառյալ բարերն ու ռեստորանները։ Երկիրը նաև հայտարարել է, որ հունիսի 13-ին կվերաբացի իր սահմանները ԵՄ անդամ պետությունների հետ։ «Այցելուները Լեհաստանի տարածք ազատ ելք ու մուտքի իրավունք կունենան։ Նրանք մեկուսացման ռեժիմում չեն գտնվի»,- այս մասին նշվել է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Շվեդիան կրկնօրինակեց եվրոպական միտումը՝ չկիրառելով խիստ արգելափակում՝ փոխարենը բնակչությանը կոչ անելով ինքնակամ ձեռնարկելու սոցիալական հեռավորության միջոցներ։