Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահական ընտրություններն ու հետընտրական շրջանը հարմար առիթ է` մարդկանց ճանաչելու համար, իմանալու՝ ով ով է: Տհաճ է, երբ յուրաքանչյուրը փորձում է հաճոյանալ կա'մ իշխանությանը, կա'մ հասարակությանը, կա'մ ընդդիմությանը, եւ, չգիտես` ինչու, հենց իշխանությանն ու նախագահին հաճոյախոսողները դա անում են հիմնականում այնքան կեղծավոր ու միատոն, որ ափսոսում ես մտավորականի այդ տեսակի առկայության համար: Միաժամանակ, որոշ տնաբույծների համար հարմար առիթ է` իշխանահաճո տեսակետներով իրենց մատուցել իշխանությանը, ցույց տալ, որ իրենք էլ են խոսել եւ կարիք ունեն անհրաժեշտ վարձատրության:
Մինչդեռ հենց այս շրջանում յուրաքանչյուր խոսք պետք է լինի չափավոր, զգույշ. հասարակությունը նյարդանացած է, եւ ամեն մի անզգույշ միտք կարող է սեւացնել կարծիք հայտնողին:
Դեռ չէինք հասցրել իրենց մտավորական հորջորջող որոշ մարդկանց ինքնախեղումը մարսել, խնդրեմ, նոր արատներ են ի հայտ գալիս: Այսօր ասուլիս էր կազմակերպել Երեւանի ավագանու անդամ եւ մինչեւ ավագանի ընտրվելը ընդդիմադիր հայացքներով հայտնի ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Կարծում էինք, որ պետք է խոսեր Երեւանի տեսքի` օր օրի այլանդակումից, քաղաքը ապականելուց, ինչով որ զբաղված են զանազան մանր ու մեծ ձեռներեցներ, պաշտոնյաներ ու քաղաքային, պետական իշխանությունները: Բայց` ոչ, պարզվում է, որ մեր քաղաքում ամեն ինչ իր տեղն է, իսկ, այ, Րաֆֆի Հովհաննիսյանի վրանը խանգարում է հինգհազարամյա պետության արտաքին տեսքին:
«Ասֆալտը պատմա-մշակութային արժեք չի կարող լինել, աուրան, տարածքն է պատմա-մշակութային արժեք: Ճամբար է, ինչ է... Բոշայություն է քաղաքի կենտրոնում վրան տեղադրելը: Ես էլ ուզում եմ Սախարովի հրապարակում վրան դնել... Ինձ համար ահավոր վիրավորական է, որ հինգ հազար տարվա պառավ ժողովուրդ, էդքան արհավիրքները տեսնելով, թամաշա է սարքում, մայմունությունով է զբաղվում»,- հայտարարել է Իգիթյանը:
Նրա համար հստակ է մի բան. «Սերժ Սարգսյանն է հաղթել, մնացածը ինձ չի հետաքրքրում: Ինձ ուրիշի կարծիքը չի հետաքրքրում, ոչ էլ իմ կարծիքը պիտի ուրիշին հետաքրքրի»:
Մեզ, իհարկե, Լեւոն Ւգիթյանի կարծիքը չի հետաքրքրում եւ երբեք էլ չի հետաքրքրել, սակայն երբ այդ կարծիքն արտահայտվում է հրապարակավ եւ վիրավորում մարդկանց, չես կարող չասել՝ սապոնը ձեռքիցդ դիր: Ո՞վ է մայմուն, մարդի՞կ, որ արդարություն են պահանջում փողոցում, կառավարության շենքի դիմաց, Ազատության հրապարակում, դժգոհում իրենց ու հարազատների ձայնի այլանդակ ու խայտառակ կեղծման համար, թե՞ մարդիկ, որ յուրաքանչյուր առիթ օգտագործում են իշխանությանը հաճոյանալու համար:
Վերջին 5 տարիներին Երեւանն ապականվել է ոչ ավելի քիչ, քան դրան նախորդած 5 տարիներին: Լեւոն Իգիթյանի ձայնը ե՞րբ է հնչել այդ ապականումների, կանաչ գոտիների վերացման, քաղաքի անխնա բետոնապատման դեմ: Արդյո՞ք մայմունությունը դա չէ, երբ բավականին լուրջ ավագանու նիստ են գումարում, ընդունում որոշումներ, դուրս գալիս շենքից ու պարզում, որ արդեն մեկ մայթ դարձավ «մոյկա», մի հաստավիզ բետոնապատեց կանաչ տարածքը՝ Տարոն Մարգարյանի թույլտվությունը ստանալով կամ չստանալով, կամ, չնայած բազմաթիվ վերջնագրերին, քաղաքի կենտրոնում բազմաթիվ հայտնի շենքեր մնում են կիսաքանդ: Երբ մեր քաղաքում զանազան «էլիտար բնակելի կոթողների» կառուցման նպատակով մարդիկ դուրս շպրտվեցին իրենց տներից եւ ստիպված եղան գիշերել բաց երկնքի տակ, արդյո՞ք Իգիթյանը ամոթ չէր ապրում քաղաքը բոմժանոց դարձնելու համար...
Դեռ Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության ժամանակ հրդեհ բռնկվեց Պոնչիկանոցի հետնամասում գտնվող բակում` Կորյունի փողոցում, մի քանի ընտանիքներ մնացին անտուն ու ստիպված ձյուն-ձմեռնոցով ամիսներ շարունակ փողոցում վրան խփեցին: Այդ ժամանակ եւս ճարտաապետ Իգիթյանը ավագանի էր: Ասացեք, խնդրեմ, ասացի՞ք իրար հաջորդող քաղաքապետերին, որ քաղաքացիներն այդքան արհավիրք են տեսել, չի կարելի մայմունություն անել: Ստացվում է, որ տեղական, համայնքային եւ գլխադասային մարմիններն արժանապատիվ քաղաքացուն պարտադրում են բոմժ դառնալու բոլոր պայմանները, ապա մեղադրում նրան, որ այդպիսին դարձավ: Այստեղից հետեւություն՝ ամեն մարդ պետք է զբաղվի կոնկրետ իր գործով եւ խուսափի իշխանության համար Չեբուրաշկա դառնալուց՝ հասարակության մոտ անունը արատավորելու գնով:
Տեսնես` Հենրիկ Իգիթյանն ի՞նչ կասեր...
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: