կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-09 17:25
Իրավական

Բուժքրոջ գործը կարճվել է

Բուժքրոջ գործը կարճվել է

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող բուժքույր Ալիսա Ենոքյանի դեմ գործը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել՝ մեղադրյալի այլուրեքությունը հաստատվելու արդյունքում: Այս մասին հայտնեց Ա.Ենոքյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

 

2012թ. սեպտեմբերի 19-ին Ա.Ենոքյանը կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանություն, առաջադրված մեղադրանքով, ըստ որի 2011թ. հոկտեմբերի 8-ին ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանի կազմակերպմամբ Աննա Մկրտչյանի ծննդաբերությունն ընդունելու և նորածնին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է նույն գյուղում գտնվող Ա.Մկրտչյանի տան բակ: Այնտեղ նրա ծննդաբերությունից անմիջապես հետո՝ կատարելով Ազատ Ղուկասյանի ցուցումները, նորածնին տարել է Աննա Մկրտչյանի տնամերձ այգի, որտեղ էլ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս շնչուղիները խոտազանգվածով փակելով, խեղդամահ անելու եղանակով սպանել է:

 

Մեղադրյալի պաշտպաններ Ի.Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը մասնավոր հարցումներ էին կատարել Գորիսում: Իրենց պաշտպանյալը պնդում էր, որ ինքն անմեղ է, որ դեպքի ժամանակ հերթապահել է աշխատանքի վայրում՝ «Գորիս» բժշկական կենտրոնում, որտեղ նա աշխատում է որպես բուժքույր, ուստի չէր կարող գնալ ու կատարել նման հրեշավոր արարք: Մասնավոր հարցման ենթարկված անձինք պաշտպանական կողմի միջնորդությամբ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվեցին որպես վկաներ և փաստեցին, որ իրոք Ալիսա Ենոքյանը չի բացակայել աշխատանքի վայրից: Նախաքննական մարմնի որոշմամբ անցկացված դատաձեռագրաբանական ու դատաթղթաբանական փորձաքննություններով նույնպես պարզվեց, որ այդ օրը բուժքույրն իրոք գրառումներ է կատարել հիվանդանոցում և որ դրանց վաղեմությունը համապատասխանում է մեկ տարի առաջվա ժամանակահատվածին:

 

Արդյունքում ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչ Վարդանյանն ու գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Հովհաննիսյանը դատարանում հրաժարվեցին կալանքի ժամկետը երկարացնելու իրենց միջնորդությունից և մեկ օր անց, 57 oր նախնական կալանքի տակ գտնվելուց հետո, Ա.Ենոքյանն ազատ արձակվեց «Աբովյան» ՔԿՀ-ից, նրա նկատմամբ ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, ապա ավելի ուշ այդ խափանման միջոցն էլ վերացվեց:

 

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի բռնաբարություն և 142-րդ հոդվածի 1-ին մասով՝ անառակաբարո գործողություններ, ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով: Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ազատ Ղուկասյանը, 2011թ. նոյեմբերի վերջերին անչափահաս Ա.Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Նույն արարքը Ազատ Ղուկասյանը կատարել է նաև 2012թ. հունվարին և փետրվարին, իսկ այնուհետև` անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

 

Աղբյուր` «Փաստինֆո»