Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ կարճվել է «Ստարտ-Մեդիա» ՍՊ ընկերության տնօրեն, «iLur.am» ինտերնետային կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հարուցված քրեական գործը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ 2015 թվականի հուլիսի 16-ին Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն էր հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ, այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ է հղել տիկին Միյատովիչին:
Նամակում մանրամասն բացատրել է հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները, ինչպես նաև միջազգային և ներպետական օրենսդրության այն չափանիշները, որոնք հաշվի են առնվել քրեական գործը հարուցելիս:
Գլխավոր դատախազը Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին հրավիրել է մասնակցել սեպտեմբերին կազմակերպվելիք կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում կքննարկվեն մի կողմից խոսքի ազատության պաշտպանության և մյուս կողմից հանրության այլ կենսական շահերի, օրինակ արդարադատության շահի պաշտպանության միջազգային չափանիշներին համահունչ հավասարակշռելու եղանակները:
Ներկայացնում ենք Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին ուղղված նամակը։
ԶԼՄ-ՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՏԻԿԻՆ ԴՈՒՆՅԱ ՄԻՅԱՏՈՎԻՉԻՆ
Հարգելի տիկին Միյատովիչ,
Ի պատասխան Ձեր գրասենյակի կողմից 2015 թվականի հուլիսի 16-ին տարածված հաղորդագրության պատիվ ունեմ հայտնելու, որ ՀՀ իշխանությունների համար անվիճելի փաստ է, որ խոսքի ազատությունը և դրա հետ կապված՝ տեղեկացված լինելու հասարակության իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից են: Այս իրավունքների լիարժեք իրականացման անհրաժեշտ պայմաններից են մամուլի ազատությունը և լրագրողական գործունեություն իրականացնող անձանց կամ կազմակերպությունների ազատ գործունեությունը, ինչպես նաև նրանց պաշտպանությունը ոչ իրավաչափ միջամտություններից: Հայաստանում մամուլի ազատության ամրապնդման ուղղությամբ ՀՀ իշխանությունները իրականացնում են հետևողական աշխատանք և այդ աշխատանքի վառ օրինակներից է զրպարտության ապաքրեականացումը:
Այս կապակցությամբ սակայն պետք է նկատի ունենալ, որ երբեմն օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում հավասարակշռելու մի կողմից խոսքի ազատությունը և մյուս կողմից հանրության համար ոչ պակաս կարևոր շահերը, խնդրո առարկա դեպքում՝ արդարադատության շահը: Դեպքը, որի մասին Դուք արտահայտել եք Ձեր մտահոգությունը վերաբերում է հենց նման իրավիճակի, երբ գործ ունենք հասարակական լայն հնչեղություն ունեցող մի գործի հետ, որում ենթադրաբար ներգրավված են եղել ոստիկանության մարզային վարչության պետը և հանրահայտ երկու մարզիկներ: Գործը իր բնույթով համաձայն ՀՀ օրենսդրության դասվում է ծանր հանցագործությունների շարքին:
Այս հանգամանքները հաշվի առնելով՝ մենք հանգել էինք այն եզրակացության, որ հասարակական շահերի պաշտպանության, հանրության համար վտանգավորության աստիճանով ծանր հանցագործության բացահայտման համար միակ և անհրաժեշտ միջոցը լրագրողին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելն էր: Հավաստիացնում եմ, որ ՀՀ իշխանությունները մշտապես առաջնորդվել են այն սկզբունքով, որ անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ խոսքի ազատության որևէ միջամտությունից, մինչև այն պահը երբ համաձայն մարդու իրավունքների միջազգային չափանիշների և ՀՀ օրենսդրության՝ առկա է առավել գերակշռող հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն:
Այնուամենայնիվ՝ հաշվի առնելով մի կողմից՝ խոսքի ազատության և մյուս կողմից հասարակության մոտ արդարադատության ընկալման ժողովրդավարական հասարակության չափանիշներին համահունչ հավասարակշռելու անհրաժեշտությունը, Ձեր կողմից արված հայտարարությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ հանգամանքներ՝ իմ կողմից որոշում է կայացվել կարճել Քրիստինե Խանումյանին նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Սակայն իմ խորին համոզմամբ, մի կողմից խոսքի ազատության, իսկ մյուս կողմից՝ հանրության այլ կենսական շահերի պաշտպանության հստակ հավասարակշռման խնդիրը մնում է չկարգավորված:
Այս կապակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում Ձեզ համար հարմար օրը, պլանավորում եմ կազմակերպել կլոր-սեղան քննարկում, Հայաստանում մամուլի ազատության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ- ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման կլոր-սեղանի կազմակերպման կարևորության մասին արդեն իսկ քննարկում եմ ունեցել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, ով դրականորեն է արձագանքել այս նախաձեռնության իրականացման հարցում համագործակցության իմ հրավերին:
Հաշվի առնելով այս խնդրով Ձեր ներգրավվածությունը, ինչպես նաև բարձր գնահատելով ոլորտի վերաբերյալ Ձեր հարուստ փորձը, պատիվ ունեմ հրավիրելու Ձեզ կամ Ձեր կողմից լիազորված որևէ մասնագետի կամ մասնագետների մասնակցելու կազմակերպվող կլոր-սեղան քննարկմանը: Վստահ եմ, որ մենք համատեղ քննարկումների արդյունքում կկարողանանք գտնել ընդունելի և միջազգային չափանիշներին համահունչ լուծումներ: Նամակին կից ներկայացնում եմ նամակի անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև Քրիստինե Խանումյանի գործի վերաբերյալ մանրամասն տեղեկանք, որում միջազգային համապատասխան չափանիշները վերլուծված են ՀՀ օրենսդրության հետ համադրությամբ:
Հարգանքով՝ Գ. Կոստանյան