կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 13:58
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանին ''ժառանգականներն'' ի գիտություն հայտնել են

Րաֆֆի Հովհաննիսյանին ''ժառանգականներն'' ի գիտություն հայտնել են

ԱԺ ավանդական ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վերահաստատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բարդույթներ չունի եւ պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, եւս մեկ անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Հակոբյանն ընդգծեց, որ եթե իշխանության, մասնավորապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար, ողջամիտ առաջարկությունները կառավարությունում «Ժառանգությանը» տեղեր տալն է, ապա իրենք դա ողջամիտ չեն դիտում, որովհետեւ խոսքը մեկ երկու պորտֆել ստանալու մասին չէ:

 

Նա հայտարարեց, որ առանց ընտրություններին մասնակցելու էլ հնարավոր է պորտֆելներ ստանալ, եւ վստահեցրեց, որ իրենք ցանկանում են համակարգային փոփոխությունների հասնել: Ռուբեն Հակոբյանը լուրջ չի ընդունում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որ, արտահերթ ընտրություններ պահանջելով, «Ժառանգությունն» ինքն իր տունն է քանդում, քանի որ հազիվ 5 տոկոս կհավաքի:

 

«Թող մեր մասին չմտածեն: Եթե մտածում են, որ արտահերթ ընտրությունների դեպքում մեր տունը քանդվում է` թող քանդվի: Բան է փոխվել պետության մեջ, սա պետք է հասկանան, քաղաքական ուժերի համամասնությունը ԱԺ-ում կապ չունի դրսի համամասնության հետ»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը եւ նշեց, որ հենց դա էլ համոզելու համար բանակցում են իշխանությունների հետ:

 

Հարցին, թե ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Հակոբյանը հայտարարեց, որ պահանջելու հարց չկա, ժողովուրդը պահանջել եւ ստացել է:

 

Լրագրողները Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ արտահերթ նիստ հրավիրելու պահանջը Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումն ու կեցվածքը չէ:

 

Ի պատասխան Ռուբեն Հակոբյանը նախ վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես տեղեկացված է եղել, որ արտահերթ նիստի հարց կա խորհրդարանում, ընթացքի մասին էլ նրան պարբերաբար տեղեկացվում է, եւ որ պայմանավորվել են` «Ժառանգություն» խմբակցությունը կարող է նախաձեռնել գործառույթներ խորհրդարանական գործունեության շրջանակներում:

 

«Այս ամենը խորհրդարանի իրավասությունների շրջանակում է, եւ ի գիտություն ասվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ ճիշտ է ասել, եւ պետք չէ, հակասություն գտնել»,- հայտարարեց Հակոբյանը:

 

Ի դեպ, նա նաեւ նշեց, որ վաղը կամ հաջորդ օրը պարզ կլինի` լինելո՞ւ է ԱԺ արտահերթ նիստ, թե՞ ոչ: