կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 11:31
Հասարակություն

Աշոտյանի ''շկոլան''

Աշոտյանի ''շկոլան''

Պարզվում է` Երևանի պետական բժշկական համալսարանը, ապագա բժիշկներ պատրաստելուց զատ, նաև որակյալ հանրապետական կադրեր է պատրաստում, այն էլ` «նժդեհյան գաղափարներով տոգորված»: Կարող եք համոզվել ինքներդ` դիտելով ստորև ներկայացված տեսանյութը, սակայն մի փոքրիկ պատմական ակնարկ` ոչ հեռու անցյալից:

 

«Նժդեհյան գաղափարները կրող» ՀՀԿ-ականի կարկառուն օրինակ է կրթության և գիտության նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ժամանակին եղել է բժշկական համալսարանի ուսխորհրդի նախագահ, իսկ այժմ Հանրապետական կուսակցության առաջամարտիկներից է: Ի տարբերություն շատ քաղաքական գործիչների, ՀՀԿ-ականի կոչումը նրա համար ի վերուստ տրված բացառիկ շնորհ է:

 

Նա ամենուրեք, հատկապես` «Ֆեյսբուք»-ում, Հանրապետականի կողքին է, պատրաստ իր բառապաշարի ներածին չափով «ճզմել» Սերժ Սարգսյանի հասցեին չարախոսող յուրաքանչյուր ըմբոստի: Թե որքանո՞վ է անկեղծ Աշոտյանի այս վերաբերմունքն իրեն «որդեգրած» կուսակցության նկատմամբ, ոչ ոքի չի հաջողվում պարզել, անգամ` հանրապետականներին:

 

Ինչևիցե, անդրադառնանք այն իրադարձություներին, որոնք վերջին օրերին ծավալվել են պարոն Աշոտյանի ղեկավարած ոլորտում: Դասադուլ`բողոքի այս ձևը, պարզվում է, համակել է ոչ միայն մայրաքաղաքի, այլև Գյումրիի բուհերի ուսանողներին: Թե որքա՞ն կտևի այն, և կհաջողվի՞ արդյոք երիտասարդներին որևէ արդյունքի հասնել, պարզ չէ: Սակայն, որքան էլ ցավալի է, այս հեղափոխական նոտան կարողացավ պառակտում առաջացնել ուսանողական շարքերում: Առաջին հերթին բախվեցին ուղղորդված ուսխորհրդի նախագահների և ուսանող ակտիվիստների տեսակետները:

 

Տարօրինակ է, բայց մեր երկրում ուսխորհրդի նախագահ լինել, նշանակում է բուհի մյուս ուսանողների նկատմամբ ունենալ որոշակի բարձր դիրք և այն օգտագործել իբրև թե ինստիտուտի, հաճախ նաև սեփական շահերի համար: Նման դեպքերում վատ չէր լինի օգտվել միջազգային փորձից, ինչին ավելի ընդգրկուն կանդրադառնանք հետագայում: Արդար չի լինի նաև չնկատել, որ կան ինստիտուտներ, որտեղ ուսանողական խորհուրդներն ունեն արժանի ղեկավարներ, սակայն փաստը մնում է փաստ, որ որոշ բուհերում, այնուամենայնիվ, այդ «պաշտոնը» ինչ-որ մեկի մենաշնորհն է:

 

Ի՞նչ են անում ուսխորդուրդները, երբ վարձավճարները տարեցտարի ավելանում են, իսկ որոշ ֆակուլտետներում սովորելը դառնում է ընտրյալների «զբաղմունքը»: Որևէ բուհում երբևիցե ըմբոստացե՞լ է ուսխուրհուրդը կամ բարձրացրել հիշյալ խնդիրները: Իսկ եթե անգամ բարձրաձայնել են, ապա այնքան հպանցիկ, որ մինչ օրս նման օրինակ մտաբերել չհաջողվեց:

 

Իսկ այսօր էլ ուսխորհրդի նախագահները լեզվակռիվ են տալիս ակտիվիստների հետ, նրանց հորդորում չխանգարել ուսումնական գործընթացին: Այս պահանջի մեջ, թերևս,  ոչ մի վատ բան չկա, և դասադուլավորներն էլ քաջ գիտակցում են դա: Նրանք չեն ստիպում ուսանողներին միանալ իրենց: Ինչպես ասում են` դասադուլը չէ, որ պետք ազդի ուսանողի առաջադիմության վրա, սովորողը կսովորի, չսովորողն էլ` ինքը գիտի: Ի վերջո, ո՞րն է խնդիրը, ինչու իրար հետ «յոլա» չեն գնում ուսխորդրդի նախագահներն ու ակտիվիստները:

 

Այս հարցը երեկ կայացած ասուլիսում քննարկեցին ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի, ԵՊՄՀ-ի ուսխորհրդի նախագահները և դասադուլը կազմակերպած ակտիվիստները: Կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, ընդհակառակը` ավելի սրեցին հարաբերությունները: Առաջին հայացքից տպավորություն էր, թե ԱԺ նիստ է ընթանում, որտեղ իրենց ելույթներով հանդես են գալիս հանրապետականները, իսկ նիստը բոյկոտում` հեղափոխական «ժառանգականները»:

 

Իհարկե, ուսխորհրդի փողկապավոր նախագահների ծավալուն մտքերն ամբողջությամբ անհնար է հրամցնել ընթերցողներին, քանի որ դրանք նույնքան անըմբռնելի են, որքան, ասենք  Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Սերժ Թանկյանին:

 

Ուսխորհրդի ղեկավարների խոսքերից պարզ դարձավ, որ իրենք ինչ-որ մեկին չեն ստիպում դասի գնալ, ովքեր ցանկանում են մասնակցել ակցիային, ազատ են: Ակտիվիստներն էլ, իրենց հերթին, նշեցին, որ սխալ է, երբ ՀՀԿ կուսակցությունն է խառնվում այս ամենին: Ըստ նրանց` կուսակցության երիտասարդ թևի ուսանողները կոչ են անում չմիանալ իրենց, ինչը վկայում է այն մասին, որ նրանք կատարում են վերևներից իջեցված հրամանը: Ի վերջո, ակտիվիստների և հանրապետականների մասնացությամբ քննարկումը վերածվեց բանավեճի, հիմնական թեման էլ` ընտրություներ 2013-ի արդյունքները:

 

Դասադուլների գլխավոր կազմակերպիչ Դանիել Իոնիսյանը պնդում էր, որ ընտրություները կեղծվել են, իսկ իրեն հանրապետականներն անձամբ կաշառք են առաջարկել: Իոնիսյանի կարծիքին դեմ արտահայտվեց Երևանի պետական բժշկական համալսարանի ուսխորհրդի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Մկրտչյանը: Նա նախ առաջարկեց իր զրուցակցին փաստեր ներկայացնել, ապա հայտարարեց. «Մեր նախագահին արդեն բոլորը շնորհավորել են, արդարացի ընտրություններ են եղել, նախագահը հաղթել ա…»

Թ. Մ.